կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 15:05
Իրավական

Դատավորը վախենում է Գաստիկի, Ծգլի և Տլեի անվտանգության համար

Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի հայրը՝ Միհրան Ղազարյանը, այսօր որդու և նրա 2 ընկերների սպանության գործով ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ:

Մինչ այդ հայտնի դարձավ, որ այս գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաների տերերը հրաժարվում են դատարան գալուց և մեքենաները ներկայացնելուց: Խոսքը վերաբերում է 2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի դիմաց կայանված ավտոմեքենաներին, որոնք վնասվել էին արձակված կրակահերթի արդյունքում: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի խոսքով՝ ավոտոմեքենաների տերերը պատճառաբանում են, որ իրենց մեքենաներն արդեն նորոգել են, որոշներն էլ` վաճառել:

Այս կապակցությամբ մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց, որ մեքենաներ արդեն վերանորոգված են, և լրացուցիչ ժամանակի վատնում կլինի դրանք հետազոտելը: Նա առաջարկեց հետազոտել ոստիկանության պահպանվող տարածքում գտնվող երկու ավտոմեքենաները` Լևոն Ղազարյանին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՎԱԶ 21-07»-ը, որում, ըստ մեղադրանքի, ամբաստանյալներն իբր դարանակալել էին կալանավայրի շենքի մոտ:

Ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանն էլ իր հերթին ասաց, որ մեղադրողը կա'մ պետք է հրաժարվի, որ տվյալ մեքենաները իրեղեն ապացույց են, կա'մ, ըստ ընթացակարգի, այդ մեքենաները պետք է հետազոտվեն: «Գոյություն ունի քրեական դատավարության օրենսգրքի հստակ կարգավորում` եթե դա իրեղեն ապացույց է, պետք է հետազոտվի: Իսկ եթե մեղադրողը պնդում է, որ դրանք իրեղեն ապացույցներ են, ուրեմն ես պնդում եմ, որ ես անձամբ` որպես պաշտպանական կողմի ներկայացուցիչ, պետք է դրանք հետազոտեմ»,- հայտարարեց նա:

Մինչ կողմերը քննարկում էին ավտոմեքենաները հետազոտելու պայմանները, ձայնի իրավունք խնդրեց սպանված քրեական հեղինակության հայրը՝ նշելով, թե ի՞նչ է տալու կողմերին, եթե հետազոտվեն կալանավայրի դիմաց կանգնած մեքենաները: «Եթե 83 փամփուշտ է հայտնաբերվել, որից 63-ը գտնվում են տուժողների մարմինների մեջ, բա մնացածն ի՞նչ են եղել: Ժամավաճառությամբ չի կարելի զբաղվել»,- ասաց նա:

Նախագահող դատավորն առաջարկեց 2 մեքենաները բերել և հետազոտել դատարանի բակում, ինչն առաջացրեց ամբաստանյալների պաշտպանի դժգոհությունը: «Չի կարելի մեքենաները տեղափոխել այստեղ, որովհետև տեղափոխվելու արդյունքում իրեղեն ապացույցն իր նշանակությունը կորցնելու է: Պետք է արտագնա նիստ անցկացնել և մեքենաները զննել հատուկ պահպանվող տարածքում»,- ասաց փաստաբանը:

Սակայն դատավորը հայտնեց, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում երաշխավորել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես որևէ խնդիր չեմ տեսնում` գնալու հետ կապված, եթե գնում ենք էնտեղ, հաշվի առնելով ամբաստանյալների անվտանգությունը, ամբաստանյալները պետք է էնտեղ չգտնվեն: Ես չեմ կարող նրանց անվտանգությունն ինձ վրա վերցնել: Եթե համաձայն եք, ուրեմն կգնանք առանց ամբաստանյալների»,- ասաց դատավորը:

Ի պատասխան` Լուսինե Սահակյանն ասաց, որ առանց ամբաստանյալների չեն կարող գնալ:

«Ես չեմ գնա էդ ռիսկին և նրանց չեմ տանի»,- պնդեց դատավորը և որոշում կայացրեց` համապատասխան միջոցներ ձեռնարկել մեքենաները դատարանի բակ բերելու համար:

Նշենք, որ արդեն 3-րդ դատական նիստն է` դատարանին չի հաջողվում կազմակերպել կարևորագույն նշանակություն ունեցող իրեղեն ապացույցների հետազոտումը:

Այպիսով` այսօրվա դատական նիստ հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա ապրիլի 4 –ին:

Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլեն) և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը` տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: