կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 14:09
Իրավական

Նրանք էրեխա են, ախր, ի՞նչ կապ կարող են ունենալ Մհերի հետ. պատգամավորի վարորդը՝ Գաստիկի, Տլեի, Ծգլի մասին

Նրանք էրեխա են, ախր, ի՞նչ կապ կարող են ունենալ Մհերի հետ. պատգամավորի վարորդը՝ Գաստիկի, Տլեի, Ծգլի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունը մեկ անգամ չէ, որ քրեական հեղինակությունների անունների կողքին է շրջանառվում: Այս անգամ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով կասկածվող Գաստիկ մականունով անձնավորության անվան կողքին շոշափվում էր Մհեր Սեդրակյանի անունը: Հայտնի է, որ Գաստիկի եւ եւս երկու մականունավորների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ՝ հասկանալու համար, ի վերջո, որքանո՞վ նա կապ ունի Գաստիկ մականունով Վահան Հակոբյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց Սեդրակյանի վարորդը, ով ներկայացավ որպես Սերյոժա: Նա նշեց, որ այդ խոսակցություններն ինչ-որ մարդկանց կողմից հատուկ նպատակով են շրջանառության մեջ դրվում: «Նրանք էրեխա են, ախր, նրանք ի՞նչ կապ կարող են ունենալ Մհերի հետ»,- ասաց վարորդը:

 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են անընդհատ Մհեր Սեդրակյանի անունն այս դեպքերի առնչությամբ շրջանառում, վարորդը պատասխանեց. «Դե, երևի մարդիկ փող են տալիս ու գրել են տալիս տենց բաներ»:

 

Իսկ հարցին, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, պատասխանեց. «Դե չգիտեմ, չեմ էլ ենթադրում, սկի պետք էլ չի մեզի, վաղ, թե ուշ կպարզվի ամեն ինչ»:

 

Ի դեպ, Մհեր Սեդրակյանի հետ խոսել այդպես էլ չհաջողվեց: