կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-18 13:03
Իրավական

Դանակահարություն՝ Դեղձուտ գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

Դանակահարություն՝ Դեղձուտ գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

Օրեր առաջ դանակահարություն էր տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ գյուղում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Yerkir.am-ին հայտնեց, որ վիճաբանության ժամանակ գյուղացիներից մեկը կտրող–ծակող գործիքից վիրավորում է ստացել:

«Պարզվում են հանգամանքները, վիճաբանության շարժառիթը: Կասկածյալը ձերբակալվել է»,- ասաց նա:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ դանակահարված երիտասարդը ՀՅԴ–ական Բագրատ Սարգսյանի քրոջ որդին է ՝ 30-ամյա Հովիկ Նազարփուրը: Մեզ հետ զրույցում Բագրատ Սարգսյանը հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա և որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Նազարփուրն այժմ գտնվում է հիվանդանոցում, վիճակը բավարար է:

«Երիտասարդ տղաներ են, նախկինում միմյանց հետ հաշիվներ են ունեցել, քեֆները լավ է եղել, իրար չեն հասկացել, վիճել են: Ո’չ շտաբում է եղել դեպքը, ո՛չ էլ վեճի ընթացքում քաղաքական պատկանելության կամ ընտրությունների հետ կապված խոսակցություն է եղել: Տուժողը բողոք չունի, միջադեպը հարթվել է»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով այն տեղեկությանը, թե իբր վիճաբանության ժամանակ Նազարփուրը հանդիմանել է համագյուղացուն՝ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի՝ Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար, նա ասաց. «Ես ու Ալիկ Սարգսյանը համադասարանցիներ ենք եղել, նույն գյուղից ենք, իրար հետ նորմալ հարաբերություններ ունենք, վեճի ընթացքում նրա անունը չի շոշափվել, վեճն ընդամենը կենցաղային հողի վրա է եղել»: