կարևոր
154 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-26 21:08
Հասարակություն

Գեղարքունիքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 62-ամյա ուղևորը մահացել է

Գեղարքունիքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 62-ամյա ուղևորը մահացել է

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիրայր Ա.-ն, «ՎԱԶ 2107»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Հ.-ն իսկ «Hyundai Elantra»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Արման Ք.-ն։

Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդ Արման Ք.-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Հովհաննես Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից Արման Ք․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, իսկ «ՎԱԶ 2107»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված Հովհաննես Ք․-ն գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել էին «Hyundai Elantra», «Subaru» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը Գավառի, մի մասը Սևանի բժշկական կենտրոններ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։