կարևոր
256 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-26 21:55
Աշխարհ

ՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումը

ՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումը

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը բանակցություններ է վարել Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ։

Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ղազախստանի տրանսպորտային ու լոգիստիկ համագործակցության հիմնական ուղղությունները, ԵԱՏՄ շրջանակում գործողությունների համակարգումը, միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումն ու բեռնափոխադրումների թվայնացումը։

Նիկիտինի խոսքով՝ տրանսպորտային օրակարգը երկու երկրների տնտեսական ինտեգրման առանցքային շարժիչ ուժն է։ Նա ընդգծել է, որ ոլորտային համագործակցությունը ներառում է ոչ միայն տրանսպորտային հաղորդակցությունը, այլև ենթակառուցվածքների զարգացումը, ավտոմատացումն ու թվայնացումը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախորդ տարի երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն աճել է 4 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին 10 ամիսներին՝ 3,1 տոկոսով։ Նախորդ տարի օդային ուղևորահոսքն ավելացել է 8 տոկոսով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 20 տոկոսով։

Կողմերը շարունակում են իրականացնել ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը և խորհրդակցություններ են անցկացնում 2027-2029 թվականների նոր փաստաթղթի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Նիկիտինը հայտնել է, որ նշանակվել է այդ միջանցքի զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի երկաթուղային վարչությունների համատեղ աշխատանքի արդյունքում բեռնարկղային գնացքների առաքման միջին ժամկետը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 33 օրից դառնալով 16 օր։

Ռուսաստանը նաև պատրաստակամություն է հայտնել համատեղել իր «Լոտուս» և ղազախական SmartCargo թվային տրանսպորտային հարթակները, ինչպես նաև շարունակել Չինաստան-Ռուսաստան և Չինաստան-Բելառուս երթուղիների թվայնացումը։

Նշվել է, որ 2026 թվականի մայիսին Մոսկվա-Աստանա երթուղով իրականացվել է աշխարհում առաջին անդրսահմանային բեռնափոխադրումը, որի առանձին հատվածներում կիրառվել է ինքնավար կառավարման ռեժիմ։ Հոկտեմբերին էլ փորձնականորեն իրականացվել է ավտոմոբիլային բեռնափոխադրում՝ էլեկտրոնային բեռնագրի՝ e-CMR-ի կիրառմամբ։

Հաջորդ քայլը ԵԱՏՄ ամբողջ տարածքում e-CMR համակարգի լիարժեք ներդրումն է։