Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ:
«Մեր բացթողումները, մեր դրական ու ուժեղ կողմերը հասկանալով՝ հայտարարում ենք, որ ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք: Մեր տնտեսական զարգացման ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ մեր երկրի հիմնական առավելությունը, հիմնական կապիտալը մարդն է՝ իր կարողություններով, ստեղծագործ աշխատանքով, և պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որպեսզի մարդը կարողանա իր աշխատանքով իր տունը պահել, իրեն ոչ ոք չխանգարի, արդարություն լինի, աշխատանքն արժանավայել գնահատվի, հնարավորություն տանք նրան, որպեսզի ստեղծի հավելյալ արժեք: Ներկայացրել ենք ծրագրեր ճյուղ առ ճյուղ՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սոցիալական ոլորտ, կրթություն, նույնիսկ պետական կառավարման համակարգ: Երբ ասում ենք՝ պետք է փոխվենք և մեզանից պետք է սկսենք, առաջին հերթին նկատի ունենք պետական կառավարման համակարգը: Մենք շատ բան ունենք փոխելու, բայց ծրագրի մեջ խուսափել ենք ու չենք գրել արհեստական ու ականջը շոյող ոչ մի բան: Գիտենք՝ ինչ պրոբլեմ ունենք, ինչ հիվանդություն ունենք և ինչպես ենք շարժվելու առաջ: Մեզ սպասվում է քրտնաջան, կանոնավոր, ամենօրյա աշխատանք: Մենք իրականում շանս ունենք որոշ ժամանակ անց ունենալ բարվոք պետություն, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - դիմելով սյունեցիներին՝ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:
Կարեն Կարապետյանը նախ և առաջ ընդգծել է, որ ՀՀԿ-ն շատ հստակ ձևակերպել է իր վերաբերմունքն Արցախի հիմնախնդրի լուծման առնչությամբ. «Արցախում, որտեղ հերոսաբար իրենց պարտքն են կատարել նաև բազմաթիվ սյունեցիներ, որոշվում է մեր ինքնասիրությունը, մեր արժանապատվությունը, մեր վաղվա օրը, ընդհանրապես մեր կեցվածքը,թե ինչպես ենք կանգնելու աշխարհի առաջ»:
ՀՀԿ առաջին փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել տարածքային կառավարման և համաչափ զարգացման տեսլականի վերաբերյալ՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են զարգացման կոնկրետ ծրագրեր: «Սյունիքի մարզի հետ կապված մենք ունենք մեր պատկերացրած զարգացման հստակ ծրագիրը հետևյալ հիմնական շեշտադրումներով՝ անասնապահություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն: Մենք ունենք հարևան բարեկամ երկիր՝ Իրան, որի հետ մեր համագործակցությունը բավական պասիվ է և այդ առումով ունենք մեծ ծրագիր. Մեղրիի սահմանին ստեղծելու ենք ազատ տնտեսական գոտի: Այս պահին արդեն բանակցությունները վարում ենք, և հենց այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն իրանական կողմի իր գործընկերոջ հետ ստորագրում է մի պայմանագիր, որով Հայաստանի տարածքում գործելու է իրենց որակավորման՝ «Հալալի» ինստիտուտը: Մենք փորձելու ենք Սյունիքի մարզի անասնապահությունն ու գյուղատնտեսությունն ուղղել դեպի իրանական շուկա: Գյուղատնտեսության և անասնապահության զարգացման համար նաև ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որի հիմնական նպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կամ սուբսիդավորումը, այլև բիզնեսի ձևավորմանն ու կազմակերպմանն աջակցելը», - ասել է Կարեն Կարապետյանը:
Խոսելով 2017 թ. ակնկալվող ներդրումների ծավալի և ներդրումային ծրագրերի մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կա հստակ ձևակերպված ծրագիր և տեսլական, թե յուրաքանչյուր ոլորտով ինչպես են շարժվելու առաջ, որոնք են այսօրվա խնդիրներն ու առավելությունները:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը նաև մեծապես կարևորել է կրթության դերը երկրի զարգացման գործում՝ ներկայացնելով նախատեսվող բարեփոխումները կրթական համակարգում: «Առանց կրթության մենք ուղղակի ապագա չունենք: Եթե ուզում ենք լավ ապրել, ապահով ապրել, անվտանգ ապրել, ուղղակի պետք է խելացի լինենք: Վաղվա օրը խելացի և կիրթ քաղաքացու օրն է: Եթե մենք գյուղական համայնքներում որակյալ կրթական համակարգ չենք ապահովում, ուղղակի մեր ապագայի տակ քար ենք դնում», - նշել է Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խելացի կառավարման կարևորության հարցին:
«Մեր կառավարման հիմնական թեզը հետևյալն է լինելու. մենք պետք է գանք մի վիճակի, որ մեր հանրապետության մի մեծ զանգված չիմանա՝ վարչապետն ով է: Եթե մարդը լավ է ապրում, մեղավորի չի փնտրում: Աշխարհը շուռ ենք տալու խելացի կառավարմամբ: Դրանում մեծ դեր ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ոլորտի բիզնեսմենների հետ: ՏՏ-ն այն ճյուղն է, որից ես՝ որպես վարչապետ մեծ օգնության, աջակցության կարիք ու նաև սպասելիքներ ունեմ: Մենք այլ բանաձև չունենք քան խելացի ու կիրթ լինելը: Պետք է փոխվենք ոչ միայն մենք, պետք է փոխվենք բոլորս»:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀԿ-ն հանրության առջև հանդես է գալիս պատասխանատվությամբ և անհանգստությամբ վաղվա օրվա նկատմամբ: «Ես այս աշխատանքին անցել եմ շատ մեծ վճռականությամբ, որպեսզի բոլորս միասին այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երեխան, թոռը երբևէ չմտածեն երկրից գնալու մասին», - ընդգծել է ՀՀԿ առաջին փոխնախագահը