կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-20 19:00
Քաղաքական

«Մեր թիմն այս պահին թափ է հավաքել, և ձեր օգնությամբ մենք կարող ենք շարունակել». Կարեն Կարապետյան

«Մեր թիմն այս պահին թափ է հավաքել, և ձեր օգնությամբ մենք կարող ենք շարունակել». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 19-ին այցելել է ՀՀ Լոռու մարզ: Հաղպատ, Ալավերդի, Թումանյան, Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ համայնքների ազգաբնակչության հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը, պատասխանել լոռեցիներին հուզող բազմաթիվ հարցերի, խոսել դրանց լուծման նպատակով տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումների և ծրագրերի մասին:

«Դարեր ի վեր մեր ազգը միշտ երազել է անկախ պետության մասին, որտեղ ինքը կարող է ամուր կանգնած լինել իր հող ու ջրի վրա և որոշել իր ճակատագիրը: Այդ ընթացքում մենք անցել ենք շատ մեծ մարտահրավերներ, սպառնալիքներ, հալածանքներ, ցեղասպանություն, կռիվներ և վերջապես հասել ենք մեր երազանքին: 25 տարի է՝ ունենք անկախ Հայաստան, անկախ Արցախ, միջազգային ասպարեզում մեր «ես»-ը պաշտպանելու, մեր տեսակետը հայտնելու իրավունք ունենք: Բայց մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական, արդարության հետ կապված, ունենք քաղաքացիներ, ովքեր արտագաղթում են ավելի լավ  կյանք ունենալու համար», - ասել է Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով ՀՀԿ թիմի ծրագիրն ու պատկերացումներն այդ խնդիրների լուծման վերաբերյալ: «Մենք հստակ ներկայացրել ենք ծրագիր, թե ինչպես ենք պատկերացնում մեր վաղվա օրը և ինչպիսի երկիր ենք թողնելու մեր երեխաներին ու թոռներին: Այդ ծրագիրը պատասխանում է 4 հարցի՝ որտե՞ղ ենք մենք, ի՞նչ պրոբլեմներ, հիվանդություններ ունենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ի՞նչ պետք է անենք դրա համար և ումո՞վ ենք անելու: Այդ ծրագրում կա բոլոր պրոբլեմների հստակ ախտորոշումը և բոլոր ոլորտների զարգացման տեսլականը: Ախտորոշումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում պետք է բարձրացնենք արդյունավետությունը, սկզբունքորեն պետք է փոխվենք և փոխենք: Փոխվելը սկսել ենք մեզնից: Արդեն տեսնում եք, որ մեր թիմը համալրվում է նոր, երիտասարդ, բանիմաց, հայրենասեր մարդկանցով»,- հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը. «Հանրապետական կուսակցությանը կարելի է տարբեր հարցերով քննադատել, բայց կարծում եմ՝ քիչ մարդ կգտնվի, որ երկրի անվտանգության, Արցախի վերաբերյալ դիրքորոշման հարցով կարող է պահանջ ներկայացնել Հանրապետականին: Մեզ համար չափազանց կարևոր է հստակ դիրքորոշումն Արցախի հետ կապված: Արցախը մեզ համար ֆրոնտային գիծ է, որտեղ որոշվում է մեր արժանապատվության, ինքնասիրության, մեր մայրերի, դուստրերի, կանանց պատվի հարցը, մեր ողնաշարի, մեր դիրքի խնդիրը: Հնարավոր է՝ մեկ-մեկ մեզ որոշ բաներից զրկենք, որպեսզի այդ խնդիրը լուծենք: Որովհետև եթե այդ խնդիրը չլուծենք, մնացած խնդիրները լուծելու անհրաժեշտություն չի լինի»:

ՀՀԿ առաջին փոխնախագահն անդրադարձել է երկրի կառուցման գործում զինվորական և քաղաքացիական պաշտոնյաների դերակատարության հարցին: «Զինվորականն իր գործը կատարելուց հետո չափազանց կարևոր է, թե քաղաքացիական պաշտոնյաները, ղեկավարները ինչպես են այդ հաղթանակն իրագործում: Որպեսզի երկիրը զարգանա, պետք է և´ զինվորական, և´ քաղաքացիական ուժեղ հրամանատարներ ունենանք: Եթե քաղաքացիական կյանքում ուժեղ հրամանատարներ չունենանք, զինվորական հաղթանակի գինը, արժեքը կարող է տուժել: Բայց չափազանց կարևորելով քաղաքացիական հրամանատարների դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ մենք՝ քաղաքացիական կառավարիչներս, ունենք անվերադարձելի պարտք մեր զինվորի, սպայի նկատմամբ, այսինքն՝ մենք ինչքան էլ լավ աշխատենք, միևնույն է, մեր սահմանը և անվտանգությունը պահող մարդկանց պարտք ենք անվերադարձ», -շեշտել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացնելով 2017 թ. Հայաստանում  կանխատեսվող ներդրումների ծավալը և ակնկալվող արդյունքները՝ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Լոռու մարզի ներդրումային ծրագրերին:  «Այս տարի կանխատեսվող   ներդրումային ծրագրերից 151 մլն ԱՄՆ դոլարը ներդրվելու է Լոռու մարզում՝ 45 ծրագրով և առնվազն 2500 աշխատատեղով: Լոռու մարզում 5 հիմնական ուղղության ենք ուշադրություն դարձնելու՝ ենթակառուցվածքներ, ժամանակակից գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, որոնց հետ կապված հստակ ծրագրեր ունենք », - լոռեցիներին տեղեկացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ մարտի վերջին հաշվետվություն է ներկայացվելու կառավարության ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ: «Իմ թիմակիցներն ասում էին, որ շատ բարձր նշաձող ենք դրել: Մենք ձեզ հաշվետվություն ենք տալու, և ես այս պահին կարող եմ հայտարարել, որ ծրագիրը, որ դրել ենք մեր առջև, իրագործվել է», - ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այս ամիսների ընթացքում 4 անգամ նվազել է բանկային տոկոսադրույքը, կարմիր գծերի և տեսախցիկների բիզնեսը տեղափոխվել է համայնքային և պետական բյուջե: Զբոսաշրջության զարգացման նպատակով բազմաթիվ վիզաների արտոնություն է տրվել, ներդրվել է «Հալալի» ինստիտուտը, որը թույլ կտա Իրանում  գործունեություն ծավալելու ծրագրեր ունեցող Հայաստանի ՓՄՁ-ներին հենց այստեղ՝ տեղում, այդ խնդիրները լուծել: «Մեր թիմն այս պահին թափ է հավաքել և ձեր օգնությամբ մենք կարող ենք շարունակել:  Ձեր կողմից կարող է հարց հնչել՝ այդ դեպքում ինչո՞ւ  կյանքի,  ապրելակերպի որակի վրա չի  զգացվում  այդ թվերի ազդեցությունը: Բացատրեմ. մենք այնքան ջանք, աշխատանք, ներդրում, խելք պետք է ներդնենք, որ հասնենք մի կետի, որից հետո մեզ վրա կզգանք որակյալ փոփոխությունները»:

Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ ՀՀԿ ներկայացրած ծրագիրը շատ իրատեսական է, միևնույն ժամանակ հավակնոտ, և որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չի դրվել: «Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լուծվելու է, բայց խոստանում ենք, որ ժամանակ անց կանոնավոր հաշվետվություն ենք տալու և դուք զգալու եք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում: Մենք խոստանում ենք, որ շատ քրտնաջան, կանոնավոր աշխատելու ենք, բոլորս միասին: Մենք այդ «դուխ»-ն ու համոզմունքն ունենք և ձեր թիկունքի կարիքն ունենք:

Սիրելի´ ժողովուրդ, մի քանի խնդրանք և ցանկություն ունեմ ձեզ: Շատ եմ ցանկանում, որ լինեք լավատես և լավ տրամադրված դեպի ապագան, որ ձեր ընտանիքներում լինի տաք, ջերմ, սիրով լի մթնոլորտ, որ դուք բավարարված լինեք, թե ինչպես են ձեր երեխաները մեծանում, կրթվում և ինչպես են վերաբերվում իրենց երկրին: Չափազանց շահագրգռված եմ, որ դուք երբևէ չզգաք անարդարության ազդեցությունը ձեզ վրա, որ միշտ արժանապատիվ գնահատվեք ձեր աշխատանքի համար: Շատ եմ ցանկանում, որ ձեր երկրում ձեզ անվտանգ զգաք և համոզված լինեք, որ վաղվա օրը լավ է լինելու, երբևէ չմտածեք կենցաղային պայմանների պատճառով երկրից  հեռանալու մասին: Ապրիլի 2-ին մենք բոլորս պետք է ընտրություն կատարենք, թե որ թիմին ենք վստահելու, ում ենք հավատալու: Խնդրում եմ՝ բոլոր ծրագրերը ձեր միջով անցկացրեք, ձեր ձայնը տվեք այն ծրագրին, որին հավատում ու իրատեսական եք համարում: Հաշվի առեք հետևյալ հարցերը՝ ո՞վ է երկիրը ներկայացնելու, ո՞վ է բանակի համար պատասխան տալու, ո՞վ է տնտեսությունն ու կրթությունը զարգացնելու: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ մեր թիմին, ապա իմ հնչեցրած բոլոր ցանկությունների և խնդրանքների իրագործման հավանականությունը կտրուկ կբարձրանա», - հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին առաջ է քաշել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը: Այն արտացոլում է հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում: Մեր տարածաշրջանն իր մարտահրավերներով, իր խնդիրներով այնպիսին է, որ թելադրել է մեզ ունենալ մեր բնակչությանն անհամաչափ մեծ զինված ուժեր՝ բանակ: Այս 25 տարվա մեր մեծագույն նվաճումներից մեկն այն է եղել, որ դուրս գալով ժողովրդի ծոցից, հաղթելով մարտի դաշտում՝ մեր կամավորական ջոկատները կարողացան վերակազմավորվել և դառնալ կուռ կառույց, որոնք այսօր ապահովում են մեր սահմանների անվտանգությունը, երաշխավորում են մեր առաջընթացի հնարավորությունները: 5 հիմնական ուղղություններով մենք անելու ենք այնպես, որ մեր բանակը, մեր զինված ուժերը շարունակեն լինել ոչ միայն պարզապես մարտունակ, այլև ամենամարտունակը տարածաշրջանում, լինեն լուրջ ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ զինված ուժեր»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հինգերորդ համարում ներկայացված, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, դիմելով լոռեցիներին, ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր ձեռքերում է մեր երազած երկիրը կառուցելու հնարավորությունը, որը կարող ենք միասին իրագործել մեր ծրագրերով ու ձեր ցանկությամբ, ոգևորությամբ և վստահության քվեով: Կոնկրետ ուզում եմ ասել մի քանի խոսք, որ դարձել է գործ: Բառացիորեն անցած տարեվերջին, երբ կառավարությունը նամակ ստացավ Ախթալայում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տան վերաբերյալ, միանգամից մեր վարչապետի գլխավորությամբ և կամայական որոշմամբ Ախթալայի ամառանոցը վերցվեց պետության հսկողության ներքո: Այդ ամառանոցը շուտով կվերանորոգվի ու կվերականգնվի, որից հետո էլ բազմաթիվ մշակութային ծրագրեր ենք իրականացնելու: Գնալով ընտրության՝ ապրիլի 2-ին մեկ անգամ ևս ծանրութեթև արեք: Մեր իրատեսական ծրագրերը և ձեր վստահության քվեն միասին կարող են ստեղծել անվտանգ և մշտապես առաջ գնացող հայրենիք»: