կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 13:25
Առանց Կատեգորիա

Հաշվարկով լավություն` զոհված զինծառայողի ընտանիքին

Հաշվարկով լավություն` զոհված զինծառայողի ընտանիքին

Ապրիլյան պատերազմը չենք մարսել ու չենք էլ մարսելու, պարզապես մարսելու բան չէ. զոհված տղերքից բոլորին, թվում է, անձամբ ենք ճանաչել: Ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերի աչքերին նայել չեմ կարողանում, որովհետև այնտեղ ինձ, մեզ եմ տեսնում` ճիշտ անկյան տակ:

Ապրիլի 2-ին ընտրություններ են, ընտրելու հնարավորություն ունենք: Օֆշորային սկանդալի գլխավոր հերոսներից մեկը` Միհրան Պողոսյանը, կատարել է իր ընտրությունը` զոհվածների մայրերն են: Միհրան Պողոսյանն ապրիլյան պատերազմում հերոսացած Բագրատ Ալեքսանյանի մորը տարել է իր քարոզարշավին և բեմ հրավիրել` նրանից շնորհակալություն լսելու, իր վարկանիշը բարձրացնելու համար` նրանց ցավն ամոքողի` դեմքի լուրջ արտահայտությամբ, գլուխը տմբտմբացնելով ու ծափահարելով: Զոհված զինծառայողի մորը չեն ծափահարում` կա՛մ նրան հանգիստ են թողնում, կա՛մ կողքին են լինում` լուռ:

Զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի մայրը բեմ է բարձրանում ու դողդողացող ձայնով ասում, թե շնորհակալ է Պողոսյանին, որ իր ընտանիքի կողքին է եղել: Զոհված զինծառայողի մորից չպետք է շնորհակալություն սպասել, ես ու դու պետք է նրան շնորհակալ լինենք: Զոհվածի մոր դողդողացող ձայնը, հուզմունքից ու ցավից բառերը հազիվ իրար կապելը, կցկտուր խոսքը չպետք է հրապարակային դարձնենք, եթե նա որդու սխրանքի մասին չի պատմում: Նրա շնորհակալությունը հրապարակային դարձնելը իմ ու քո թուլություն մասին է խոսում, հաշվարկով լավություն անելու տմարդության մասին:

Պետք չէ զոհված զինծառայողի ընտանիքի կողքին լինել հետո դա մատնացույց անելու համար, որովհետև տղերքը հաշվարկով չեն զոհվել, որովհետև նրանց միակ հաշվարկը մի թիզ հող պահելն է եղել: Զոհվածի ընտանիքին լավություն անելը բիզնեսի կամ օֆշորային գործերի սկզբունքով հաշվարկ անելու հարցում մի փոքր սխալվել եք` թվերն այստեղ կարևոր չեն, կարևորն օրերն են` ապրիլի 1-4: Մի հարցում ժամանակին ճիշտ հաշվարկ կարող էիք անել` եթե այդ օրերին տղերքի կողքին լինեիք` առաջին գծում, գուցե զոհերի թիվն ավելի քիչ լիներ: Կրակել պետք է սահմանին` հակառակորդի ուղղությամբ:

Զոհված զինծառայողի մայրն իմ մայրն է, նաև` քոնը, բայց զոհվածի մայրն ամեն առավոտ արթնանում ու կիսատություն է զգում, որը ընտրությունից ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո չի լցվելու, այդ տեղն, առհասարակ, բաց է մնալու, ավելին` ընտրությունից ընտրություն բաց տարածության հատակն ավելի լավ է երևալու:

Ապրիլի 2-ին ընտրություններ են, ընտրելու հնարավորություն ունենք, իսկ զոհված զինծառայողի մորն ընտրության հնարավորություն չի տրվել, նրա ընտրությունը որդին է կատարել` վայրկենական որոշում կայացնելով ու ոչ թե գալիք 4 տարվա, այլ ավելի մեծ ժամկետի համարը, որը թվերի չի վերածվում:

Զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի մայրը ձեր` հաշվարկով լավությանն առանց հաշվարկի է շնորհակալություն հայտնում, զոհվածի մոր համար բանակից տուն վերադարձող որդու սպասումը ոչ իր հաշվարկով ընդհատվելուց հետո ուրիշ ոչ մի հաշվարկ չկա, կա միայն ամսաթիվ` ապրիլի 2, երբ զոհվեց տղան: Ապրիլի 2-ը Միհրան Պողոսյանի համար էլ կարևոր օր է` պաշտոն ստանալու հնարավորություն կա:

Զոհված զինծառայողի մորը քարոզչական նպատակներով օգտագործելն ընտրակաշառք է ժողովրդին, բայց ոչ թե 5000-10 000 դրամի տեսքով, այլ` ավելի էժան, այնքան էժան, որ եթե այն վերցնենք, դրանով ոչինչ գնել չենք կարող, բայց գրպաններիս ծանրությունից էլ ազատվել չենք կարող, անգամ` եթե մերկ ենք, աջ ու ձախ կողմերից ինչ-որ բան ներքև` գետնին է քաշելու ու ստիպելու նախ կռացած քայլել, հետո արդեն սողալ` ծանրությունը կողքերից քարշ տալով: Թվերն ու մեր հաշվարկներն այստեղ մեզ չեն փրկի` սողալիս կարևորը կենսական կարևոր օրգանները գետնին քսվելուց մի քիչ ավելի ուշ մաշելու մասին մտածելն է: Չնայած, մեկ է, ամբողջ Հայաստանը դարուփոս է: 

 

Կարինե Հարությունյան