կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 11:25
Հասարակություն

Երեխաների ծննդյան օրը հյուրերից գումար են խնդրել՝ դիրքերում զոհված զինծառայողի ընտանիքին օգնելու համար

Ամերիկաբնակ մի քաղաքացի արձագանքել է Yerkir.am-ում հրապարակված՝ «Հովվի ընտանիքում դեռ սպասում են դիրքերից չվերադարձած որդուն» հրապարակմանը և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել զինծառայողի ընտանիքին:

Հիշեցնենք, որ հրապարակման մեջ անդրադարձել էինք հունիսի 26-ին նախիջևանյան սահմանի Գորայք բնակավայրի հայկական դիրքերում հակառակորդի կողմից զոհված Արման Եփրեմյանի ընտանիքին: Արմանի մահից հետո Եփրեմյանները հայտնվել են ծանր վիճակում, քանի որ ընտանիքի միակ աշխատողն Արմանն էր, իսկ հայրը՝ Մայիս Եփրեմյանը, ով ժամանակին գյուղի հովիվն էր, հիվանդության պատճառով այլևս ի վիճակի չէ աշխատել:

Yerkir.am-ի հետ զրույցում օգնություն ցուդաբերած կինը  պատմեց, որ իր և մտերիմ երկու ընտանիքի երեխաների ծննդյան տոների առթիվ իրենք հյուրերից խնդրել էին գումար բերել, որպեսզի օգնեն հայրենիքում ապրող անապահով ընտանիքների: «Կարելի է ասել` սա մեր երեք ընտանիքների, մասնավորապես բալիկների՝ Վիկտորյա Թորոսյանի, Միքայել Մահտեսյանի և Աշոտ Ավետիսյանի նվերն է Արմանի փոքրիկներին: Հույս ունենք, որ սա կդառնա վարակիչ օրինակ շատերի համար, թեև նրանց վճարած գինը հայրենիքի համար անփոխհատուցելի է... »,- նշեց բարերարը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց օժանդակությունը ցուցաբերել այս ընտանիքին, կարող են դիմել Yerkir.am-ի խմբագրություն կամ զանգահարել Արմանի մորը՝ տիկին Նարգուշին, հետեւյալ հեռախոահամարով՝ 077979634: