Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության օրը: Այդ առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսել է մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացնել տարբեր թեմաներով 70-ից ավելի հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Վարժանքների սկիզբն ազդարարվեց Երևանի Հայկական բժշկական ինստիտուտում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությամբ, որը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Ուսումնավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը», նպատակը` ստուգել արձագանքող ուժերի փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատրաստվածությունը, կատարելագործել Հայկական բժշկական ինստիտուտի անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն սցենարի՝ հակառակորդը կրկին խախտել էր հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Տեղեկություն էր ստացվել նաև, որ Հայաստանի օդային սահմանը հատել է հակառակորդի 4 ռմբակոծիչ ինքնաթիռ և հնարավոր է հարձակում Երևան քաղաքի վրա:
Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ ռմբակոծվել էր Հայկական բժշկական ինստիտուտը, որի հետևանքով վնասվել էր հիմնական մասնաշենքի ձախ հատվածը, առաջացել էին հրդեհի օջախներ, փլուզումներ և կային պայմանական տուժածներ:
Սահմանված ժամին «Օդային տագնապ» ազդանշանից հետո շենքի նկուղում կազմակերպվեց աշխատակիցների և ուսանողների պատսպարումը, իսկ ազդանշանի ավարտից հետո բոլորը տեղափոխվեցին անվտանգ տարածք: Դեպքի մասին «911» ծառայություն ահազանգից հետո ժամանեցին նաև հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին դպրոցի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ մի քանի ուսանողներ փորձել են ինքնուրույն դուրս գալ հրդեհի հետևանքով առաջացած ծխապատ գոտուց, սակայն արգելափակվել են լսարանում և շենքի տանիքում:
Տեղում հերթապահում էին նաև ՀՀ ոստիկանության 2 կարգախումբ, Շտապ բուժօգնության 1 բրիգադ, «Երևանգազ», «Երքաղլույս» և «Երևան Ջուր» ընկերությունների վթարային խմբերը:
Ըստ սցենարի` վարժանքի երկրորդ հատվածում հետախուզությունը պարզել էր, որ ռմբակոծության հետևանքով վնասվել է ինստիտուտի ավտոկայանատեղին, որտեղ հայտնաբերվել է չպայթած ավիացիոն ռումբ: Կա վնասված ավտոմեքենա՝ ուղևորով:
Տեղում ծավալված օպերատիվ շտաբը որոշում է դիմել ինժեներասակրավորական խմբի օգնությանը, որն էլ իրականացրեց ռումբի վնասազերծման և անվտանգ վայր տեղափոխման աշխատանքները:
«Տուժածները» մեքենայից դուրս բերվեցին փրկարարական մեխանիկական և հիդրավլիկ գործիքների օգնությամբ, իսկ լսարաններից մեկում արգելափակված ուսանողները պարանների միջոցով շենքից տարհանվեցին անվտանգ տարածք: Տեղում հերթապահող պարամեդիկների խումբը տուժածներին ցուցաբերում էր առաջին բուժօգնություն և մոտեցնում շտապօգնության աշխատակիցներին:
Վարժանքին հետևում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Վարժանքի ավարտին Մ. Ղազարյանը դրական գնահատեց մասնակիցների գործողությունները՝ նշելով թերություններն ու բացթողումները, տվեց հանձնարարականներ դրանց վերացման ուղղությամբ և հայտարարեց ուսումնական վարժանքի ավարտը:
Այն ԲՈւՀ-երում ու հանրակրթական դպրոցներում, որոնք ընդգրկված չեն ՀՀ ԱԻՆ կողմից անցկացվող ուսումնավարժություններում, մարտի 1-ին առաջին դասաժամի 20 րոպեն նվիրված է եղել ՔՊ համաշխարհային օրվան և քաղպաշտպանության խնդիրներին:
ՀՀ ԱԻՆ