Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» Արտավազդ Փելեշյանի գրքի վերնագիրն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ: Գիրքը դեռևս ռուսերեն լեզվով է, սակայն առաջիկայում այն կթարգմանվի հայերեն և անգլերեն լեզուներով:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի կարծիքով` այն արտակարգ հետաքրքիր մի աշխատություն է իրապես բարձր երևույթների մասին: Ըստ նրա` գրքում Փելեշյանի փնտրտուքներն են` ինչպես դաշտն ամբողջացնել, ինչպես մտնել տիեզերական երևույթների խորքերը, և հաճախ նա դրանք ընդհանրացնում է` իրար լրացնելով` մյութոս և տիեզերք, տիեզերագիտություն և հնագույն քաղաքակրթական շերտեր:
«Այս ամբողջի հիմքում նրա ստեղծած արվեստն է, նրա տեսական հիմքերը, ֆիլմ, մարմին կառուցելու` նրա որոնողական միտքը: Չափազանց մեծ հետաքրքրասիրությամբ է կարդացվում գիրքը, սա արվեստագետի գրած` գիտական փնտրտուքների գիրք է: Գիտությունը մասսայականացնող գրքեր կան, չէ՞, ահա` Փելեշյանի գիրքն այդպիսի պարզ ու մատչելի լեզվով, չափազանց զուսպ գրչի մարդու աշխատանք է: Պարզվում է` գիրքը նույնքան կայացած է, որքան նրա ֆիլմերը: Չես հասկանում` մարդը կարո՞ղ է այսքան հեռուն գնալ իր ստեղծած արվեստի հետքերով ու մտնել տարբեր շերտեր»,- ասաց Մանսուրյանը:
Նա նշեց նաև, որ հետաքրքիր էր փաստը, որ Փելեշյանը գրքում «երկիր» բառը մեծատառով է գրում, և սա, ըստ Մանսուրյանի, ռեժիսորի վերաբերմունքն է երկրին, սրանով Փելեշյանը ևս մեկ անգամ ասում է` երկիրը տեր ունի: «Եթե նա գրքում և վերնագրում ասում է իմ տիեզերքը, այստեղ մեծախոսական որևէ նշույլ չպետք է փնտրել: Նրա որոնածը նրա ներդաշնակությունն է, նրա ֆիլմերի աշխարհը»,- ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց, որ գիրքն ընթերցելիս տպավորությունն այնպիսին է, որ կարծես փելեշյանական տիեզերքն անվերջանալի է: Ըստ նրա` քաջ գիտակցելով, որ տիեզերքը, այնուամենայնիվ, վերջանալի է, Փելեշյանը կարողանում է մեզ ստիպել մտածել անվերջության մեջ, և հենց անվերջությունն է, որ կոչվում է իրական արվեստ: «Անվերջություն, որի մեջ մենք փորձում ենք անսահմանափակ երազել և մեր երազներն իրականություն դարձնել: Ես երազում եմ, որ կգա այն օրը, երբ Փելեշյանը կնկարահանի իր հերթական ֆիլմը, իսկ մինչ այդ մենք ունենք այս գրքի թարգմանության խնդիրը` հայերեն և անգլերեն»,- ասաց նախարարը:
Ըստ կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի` սա ուսումնասիրելու գիրք է, կարդալու և բարձի տակ դնելու գրականություն չէ: Նրա կարծիքով` սա գիտնականի աշխատություն է: «Փելեշյանը կինոարվեստում մի անսասան լեռ է, որի բարձունքից տիեզերքն է երևում: Շատ եմ ուզում, որ այդ լեռան գագաթից հոմո սափիենսն իրականություն դառնա: Փելեշյանի «Մենք» ֆիլմը նայում ու մտածում եմ` այն մեր ապրման համար ամենազգայականն է, քանի որ «մենք»-ը ցիրուցան եղած է, այն շատերն օգտագործում են` չհասկանալով ինչ է»,- ասաց Վարդանյանը:
Լրագրող Մարկ Գրիգորյանի կարծիքով էլ` գիրքն առանձնանում է իր փիլիսոփայությամբ, որ արդյունքն է Փելեշյանի ամբողջ աշխարհայացքի: «Ժամանակը, կարելի է ենթադրել, հոսում է ջրի պես: Իսկ ի՞նչ է կատարվում, եթե մենք փորձում ենք փոքրացնել այդ հոսքի տևողությունը: Փելեշյանի գրքում ժամանակի վերլուծությունը կա, թե ինչպես է Փելեշյանն ընդունում այդ հոսքը. կինոգործիչը ժամանակը տեսնում է կադրերով, և գրքում բերված է նման օրինակ` մեկ մետր ժապավենի վրա կա 52 կադր, ու վերջ: Դրանցից փոքր հատվածներ մենք ֆիլմում չենք տեսնում` տարածության մեջ տեղավորվում է ժամանակը, որը դիսկրետ է և բաժանվում է հատվածների: Սա գրքի դրույթներից մեկն է»,- ասաց նա: