կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 13:54
Քաղաքական

Քաղաքական ուժերը լիահույս չեն, որ ընտրությունները թափանցիկ կլինեն

Քաղաքական ուժերը լիահույս չեն, որ ընտրությունները թափանցիկ կլինեն

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկել են` արդյո՞ք բավարար հիմքեր կան Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի բարդությունը խոչընդոտ է քաղաքացիների համար: Նա կարծիք հայտնեց, որ իշխող կուսակցությունը չունի բավական քաղաքական կամք, որպեսզի թափանցիկ ընտրություններ անցկացնի, և ըստ նրա` այս ընտրություններն էլ չեն տարբերվելու նախկիններից:

Ըստ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ  Արամ Մանուկյանի` այս Ընտրական օրենսգիրքը մեկանգամյա օգտագործման է` հաջորդ ընտրություններին այլևս չի լինելու: Նա նշեց, որ պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ 8 հանձնաժողովի անդամներով հաշվել ընտրատեղամասում առաջադրված 90-ից ավելի թեկնածուների քվեները: Մյուս կողմից, ըստ Մանուկյանի, 4+4+4 ձևաչափով առաջարկած և ընդունված փոփոխությունները կմեղմացնեն վիճակը, քանի որ 500 հազարից ավելի ընտրողների փոխարեն, ովքեր Հայաստանում չեն, չեն քվեարկի: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, Մանուկյանը կոչ արեց ժողովրդին` եթե ստիպված են վերցնել, ապա թող վերցնեն բոլորից, ովքեր բաժանում են, բայց ընտրեն նրան, ով իրենց չի փորձում կաշառել:

«Ելք» դաշինքից Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս իշխանությունների ձեռքը ինչ օրենսգիրք էլ դնես, միևնույն է` քաղաքական կամք չունեն մաքուր ընտրություններ անցկացնելու համար և կեղծելու են ընտրությունները: Ըստ նրա` այս մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ երկար տարիների ընթացքում ձեռք բերված իրենց ունեցվածքը պահպանեն:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն էլ շեշտեց, որ ասել, թե այս ԸՕ-ով նախկինում եղած բոլոր թերություններն ու սխալները կուղղվեն, սխալ կլինի, բայց, նրա կարծիքով, այս ընտրությունները մի քայլ առաջ են լինելու: Անդրադառնալով մեղադրանքներին, թե ՀՀԿ-ն քաղաքական կամք չի դրսևորի ազատ ընտրություններ անցկացնելու համար, Ալեքսանյանն ասաց, որ եթե իր կուսակցությունը կամք չունենար, ապա այս փոփոխությունները չէր նախաձեռնի:

Նա թեպետ չի ընդունում ընտրակաշառք բաժանելու երևույթը, այդուհանդերձ, նշեց, որ երբ մարդիկ ընտրություններից առաջ ինչ-որ «ծառայություններ» են մատուցում, ապա բնական է, որ նրան կքվեարկի ընտրողը: Ի դեպ, Լեռնիկ Ալեքսանյանը իր ընտրատարածքում առաջադրված կուսակիցներին էլ է հորդորել գումար չբաժանել, քանի որ դրանով առաջին հերթին իրենց են վնասելու:

ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանն էլ նշեց, որ քաղաքական ուժերը համատեղ կամք են ցուցաբերել, որպեսզի ԸՕ-ի իրավական բացերը կարողանան շտկել: Սակայն, ըստ նրա, եթե խոսք է գնում ընտրակաշառքի մասին, ապա պետք է ազնիվ լինել և խոսել այն մասին, թե ի՞նչ պայմաններ են ստեղծված, որ մարդիկ չգնան այդ քայլին:  «Ի՞նչ պայմաններ ենք ստեղծել, որ ընտրողը չվերցնի ընտրակաշառքը:  Մենք ունենք 30-40 տոկոս աղքատության շեմ, և նման հասարակությունը խոցելի է, երբ կա գումար տվող: Այս խնդիրը արմատապես լուծելու համար 2  ասպեկտ կա` լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները և կրթական խնդիրը, այսինքն` կրթել և դաստիարակել այնպիսի իրավագիտակից քաղաքացի, որպեսզի նման պայմաններում էլ չգայթակղվի այդ գումարով»,- ասաց Սարգսյանը: