կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 17:18
Քաղաքական

Սեյրան Օհանյանն ասում է` Հայաստանում քաղբանտարկյալ կա, բայց անուն չի տալիս

Սեյրան Օհանյանն ասում է` Հայաստանում քաղբանտարկյալ կա, բայց անուն չի տալիս

Այսօր ՕՐՕ դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանին հարցրեցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ անցած նախագահական ընտրություններից անմիջապես հետո նախագահի` պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրեց Սեյրան Օհանյանին ընտրությունների ժամանակ բանակին ուղղորդելու մեջ:

Սեյրան Օհանյանը նշեց. «Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը մեր գործընկերն է: Մենք բավականին լավ հարաբերություններ ունենք: Տարեցտարի բանակում կատարվող աշխատանքի արդյունքում ԶՈՒ-ում ապահովել ենք չեզոքություն քաղաքական գործընթացներում: Իմ պաշտոնավարման ժամանակ ընտրական պրոցեսներում իմ կողմից որևիցե ուղղորդում չի եղել»:

Ասուլիսին ներկա Արմեն Մարտիրոսյանը ևս խոսեց այս թեմայի մասին` ասելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախադասությունը լրագրողներն ամբողջությամբ չեն մեջբերում, որովհետև նախադասության երկրորդ մասում նա ասում է, որ Սեյրան Օհանյանը երկրի լավ ղեկավար կարող էր լինել:

Լրագրողները նշեցին, որ հենց Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ օրենքում փոփոխություն կատարվեց, որով թույլատրվում էր բանակին միջամտել քաղաքական գործընթացներին:

Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ գոյություն ունեցող օրենքներով բանակը պետք է չեզոքություն պահպանի քաղաքական գործընթացների նկատմամբ, սակայն այլ բան է, որ մասսայական անկարգություններ են լինում, և անվտանգության ուժերը չեն բավարարում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար, և օրենքի փոփոխությունը վերաբերել է դրան:

Սեյրան Օհանյանին հարցրեցին նաև քաղբանտարկյալների մասին, մասնավորապես` շարունակո՞ւմ է կարծել, որ կան քաղբանտարկյալներ, ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ դրա մասին մինչ պաշտոնաթողությունը չի խոսել: Նա նախ նշեց, որ իշխանության ու ժողովրդի մոտ այսօր խոր անվստահություն կա, և որ դատարանների որոշումներին ժողովուրդը չի վստահում:

«Մենք ժողովրդին չհավատալու պատճառ չունենք, ու ամեն ինչ կանենք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,- ասաց նա: Օհանյանը շեշտեց, որ, քաղբանտարկյալ ասելով, որևէ մեկի անունը չի տվել ու չի էլ տալու:

Լրագրողները հարցրեցին`  Ժիրայր Սեֆիլյանին ու Վոլոդյա Ավետիսյանին համարո՞ւմ է քաղբանտարկյալ: «Ես հարգում եմ Վոլոդյա Ավետիսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին: Նրանք մեր մարտական ընկերներն են: Բայց այսպիսի հարցերի շահարկումն այսօր ճիշտ չէ: Քաղբանտարկյալների իրավական գնահատականները պետք է տան այսօրվա իշխանությունները և իրավապահ մարմինները»,- ասաց Սեյրան Օհանյանը: