Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեյրան Օհանյանը նորից դիմել է իր մարտական եւ զինակից ընկերներին: Անկեղծ ասած նաեւ գաղափարակից ընկերներին եւ մեր բոլոր հայրենակիցներին, բայց տեսնես ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է պաշտպանության նախկին նախարարն իր բոլոր ուղերձները սկսում՝ մարտական եւ զինակից ընկերներին դիմելով: Ի՞նչ է ուզում, որ անեն, որ հասկանան եւ անեն…Ինչեւէ:
Եթե ճիշտ եմ հիշում, սա պարոն Օհանյանի թվով երրորդ ուղերձն է: Եթե հաշվի առնենք, որ նա քաղաքականության մեջ է մի քանի ամիս, ապա այդ ընթացքում երեք ուղերձ անելն իրոք մեծագույն ձեռքբերում է, օրինակ ԱՄՆ նախկին նախագահ Օբաման մեկ տարում անում էր շուրջ 5 ուղերձ, սա որպես համեմատություն: Օբամայի անունը, սակայն, պատահական չտվեցի: Բանն այն է, որ ուղերձ հղել բոլորը չէ, որ կարող են: Օրինակ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի ՀՀԿ-ն լքած գյուղապետը, ենթադրենք մարտի 8-ին՝ սիրելի կանանց եւ աղջիկներին ուղղված ուղերձ չի կարող հղել, մանավանդ այն սկսելով՝ սիրելի մարտական, զինակից ընկերներ բառերով: Փոխարենը դա կարող է անել նախագահը, ԱԺ նախագահը, Մխչյանի չէ, երկրի: Տարբերությունն զգում եք չէ՞…Ընդ որում, ուղերձ հղել չեն կարող նաեւ նախկինները, օրինակ նույն Մխչյան գյուղի երբեմնի բնակիչ Հովիկ Աբրահամյանը չի կարող ասենք գործարարներին ուղղված ուղերձ հղել կամ Անկախության օրվան ընդառաջ, քանի որ այդ գործն անելու համար մենք հիմա նախագահ էլ ունենք, ԱԺ նախագահ էլ ունենք, վարչապետ էլ ունենք: Այսինքն, այդ վերջիններիս գործն է ուղերձով հանդես գալը, ինչպես ի դեպ, նշված է Սահմանադրության մեջ: Ու երբ ստացվում է այնպես, որ, օրինակ՝ բանակի օրը համ գործող նախարարն է ուղերձով հանդես գալիս, համ նախկինը, մի քիչ ծիծաղելի, նույնիսկ ամոթալի իրավիճակ է ստեղծվում, նկատի ունեմ՝ նախկինի համար, քանի որ որքան էլ նա ուշ համակերպվի այդ իրողության հետ, ինքն այլեւս նախարար չէ եւ ուղերձ հղելն այլեւս իր գործը չէ ու եթե ինքը մեկ գրամ հարգում է այն պետությունը, որին տարիներ շարունակ ծառայել է, պետք է զբաղվի իր գործերով եւ չպետք է զբաղվի ուրիշների գործերով:
Բայց դառնանք պարոն Օհանյանի՝ թվով երրորդ եւ այս պահին դեռ վերջին ուղերձին: Մի վախեցեք, չենք վերլուծելու եւ միայն մեկ նախադասություն ենք մեջբերելու: Օրինակ սա՝ «Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն»: Հետո, պարոն Օհանյանը կոչ է անում ճեղքել ինչ-որ բաներ, որպեսզի ինչ-որ բան լինի, բայց դա, պայմանավորվեցինք, չենք մեջբերելու: Այս նախադասությունը բավարար է: Ի դեպ ծանոթ չէ՞: Ես, օրինակ, հիշեցի…Նկատի ունեմ Դաշնակցության՝ 2012 թվականի նախընտրական պլատֆորմը: Բանն այն է, որ այնտեղ նաեւ երկու երգ կար, մեկը Վահան Արծրունին էր գրել եւ հենց այդ երգում, որը, փաստորեն, Դաշնակցության մասին էր եւ վերջինիս քարոզարշավի տարր էր, կան հետեւյալ բառերը, մեջբերում եմ՝ «Ազատությունը հաց է եւ ջուր, արդարությունն՝ աղն է կյանքի»: Չէ, ես չեմ պնդում, որ պարոն Օհանյանը մտքեր է գողանում, ի դեպ, մտքեր գողանալն ու դրանցով հարստանալը լավ բան է, բայց եթե այդ մտքերից հարստանում ես: Բայց ես պնդում եմ, որ այս սիրուն երգի բառերը՝ պարոն Օհանյանի ուղերձում աղավաղվել են, եւ ուրեմն ոչ թե մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն, այլ ազատությունը հաց է եւ ջուր, արդարությունն՝ աղն է կյանքի: Աղը մի մոռացեք, աղը կարեւոր է, ամեն ինչում: Խնդրում եմ, հաջորդ, թվով չորրորդ ուղերձում ուղղել: Իսկ ավելի շատ խնդրում եմ ուղերձով հանդես մի եկեք, այն ժամանակը, որը ծախսում եք դրա վրա, կարելի է ծախսել, օրինակ, նույն Դաշնակցության՝ ավելի վաղ արտահայտած այլ մտքերը կարդալով եւ դրանցից հարստանալով, բայց պարտադիր՝ հարստանալով:
Հովիկ Աֆյան