Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի պատերազմի պատճառով ստիպողաբար Հորդանան արտագաղթած, այնուհետև որպես փախստական ԱՄՆ մուտք գործած Ժբաուիների ընտանիքը փորձում է բացասաբար չմոտենալ իրավիճակին՝ Բալթիմորում նոր կյանք կառուցելու ջանքեր գործադրելով:
The Washington Post-ի հետ զրույցում Նադիան նշել է, որ Սիրիայում պատերազմն սկսել է հենց այն ժամանակ, երբ դեռ նոր էր ծննդաբերել:
«Դուստրս 8 օրական էր, երբ պայթյուններն սկսվեցին: Հրթիռակոծություն, իսկական պատերազմ, նման բան կյանքում առաջին անգամ էի տեսնում: Երբ նման դեպքեր հեռուստացույցով էին ցուցադրում, ես անգամ չէի կարողանում նայել, պատկերացրեք՝ ինքս դրա մեջ հայտնեցի»,- ասել է Նադիան, ով չի իմացել՝ երեք երեխաներով ո՞ւր գնալ, որպեսզի ապահով լինի:
Նա պատմել է, որ լքել են Սիրիան՝ տեղափոխվելով Հորդանան՝ առանց հրաժեշտ տալու մորը, հարազատներին, քույրերին: Առանց որևէ պատրաստության արտագաղթած ընտանիքը միշտ երազել է վերադառնալու մասին: «Ամենադժվար որոշումը մեր կյանքում Սիրիան լքելն էր»,- ասել է տան մայրը:
Նադիայի ամուսինը՝ Ժամալը, թերթի հետ զրույցում պատմել է «Զաաթարի» փախստականների ճամբարում անցկացրած ամենադժվար օրերի մասին, որտեղ մնացել են մեկ ամիս:
«Ձմռան ավարտին էր՝ սառնամանիք: 5 վերմակն անգամ բավարար չէր` քեզ տաքացնելու»,- հիշել է Ժամալը՝ նշելով, որ ԱՄՆ հասնելը մեծ երազանք էր՝ իրական դարձած:
Սիրիացի ընտանիքի խոսքով՝ Բալթիմորում ապահով է, մուսուլմաններին հարգում են, բայց գլխաշոր կրելու պատճառով փոքր-ինչ վախենում են՝ կարող են հետապնդել:
Նադիան անկեղծացել է նաև, որ, լսելով Թրամփի ելույթը մուսուլմանների դեմ, վախեցել են, սակայն երբեք չեն ակնկալել, որ նա կհաղթի:
Ժամալի խոսքով՝ իրենց բարեկամները ցանկանում են գալ ԱՄՆ, սակայն իրենք հորդորում են դեռևս որոշում չկայացնել՝ «մինչև տեսնեն՝ Թրամփն իրենց հետ ինչ կանի»:
Ընտանիքի հայրը նաև իր խոսքն է ուղղել ԱՄՆ նախագահին՝ ասելով. «Վստահ եղեք, որ մենք եկել ենք այստեղ՝ ապրելու խաղաղությամբ: Մենք ահաբեկիչ չենք: ԱՄՆ գալու միակ պատճառը մեր երեխաների համար լավ ապագա ստեղծելն է: Մենք հարատև երախտապարտ կլինենք Ձեզ, եթե օգնեք մեզ այդ հարցում: Սա է մեր միակ մտահոգությունը»: