Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփել է անցյալ տարի գրողների միության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, խոսել առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին։
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե գրողների միությունը ինչի՞ վրա է ծախսում ամեն տարի պետության կողմից տրամադրվող շուրջ 10 մլն դրամը, ինչը շատ հասարակական կազմակերպություններին եւ միություններին տրամադրվող գումարից մի քանի անգամ ավելի է, Վարդան Հակոբյանը պատասխանել է, որ երբեք այդքան գումար գրողների միությունը կառավարությունից չի ստացել:
«Մի տարի 7 մլն է եղել, որից հետո քչացրել են այդ գումարի չափը»,- շեշտել է նա` ավելացնելով, որ կառավարության կողմից տրամադրված գումարները հիմնականում ուղղվել են թերթերի հրատարակմանը, միության աշխատողների աշխատավարձի տրամադրմանը, գործուղումներին: Վարդան Հակոբյանը, սակայն, դժվարացել է ասել, թե ինչքան գումար է միությանը տրամադրվել անցյալ տարի:
Ինչպես պարզեցինք ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցյալ տարի գրողների միությանը տրամադրվել էր 7 մլն դրամ՝ նախորդ տարվա 7.5 մլն-ի փոխարեն, իսկ առանձին տողով միության «Եղիցի լույս» թերթին՝ 1.5 մլն դրամ՝ նախորդ տարվա 2 մլն-ի փոխարեն, «Պըլը Պուղի» թերթին էլ՝ 1 մլն դրամ:
Ստացվում է` միությունը 7 մլն դրամն ուղղում է աշխատավարձերի տրամադրմանը եւ գործուղումներին, իսկ թերթերի ծախսերն այդ գումարի մեջ չեն մտնում: Թե ինչքան գումար են ստանում գրողների միության նախագահը, նրա տեղակալը եւ մյուս աշխատողները, Վարդան Հակոբյանը չի ասել, միայն հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե միության նախագահը նախարարի աշխատավարձ է ստանում: Նրա հավաստմամբ` ինքը ո'չ նախարարի աշխատավարձ է ստանում, ո'չ էլ փոխնախարարի:
Տեղեկացնենք, որ գրողների միությունը պետբյուջեից ֆինանսական աջակցություն ստացող բոլոր հասարակական կազմակերպություններից ամենամեծ չափի գումարն է ստանում: ՀԿ-ներից ամենամեծ գումարը գրողների միությունից հետո ստանում են Զոհված զինծառայողների հարազատների միությունը եւ Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների «Վիտա» կազմակերպությունը՝ 5-ական մլն դրամ:
Համեմատության համար նշենք, որ ԼՂՀ փախստականների կազմակերպությունը եւ Ժուռնալիստների միությունը ստանում են ընդամենը 1.5-ական մլն դրամ: Հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքներով են սահմանվում առաջնահերթությունները, որոնց համաձայն էլ տրամադրվում են պետական գումարները: Հարցը հնչեցվել է նաեւ փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն այդպես էլ մնացել է անպատասխան: