Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պոլսահայ հայտնի լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ թերթի՝ «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 10-րդ տարելիցն է:
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում: Պոլիս տեղափոխվելուց հետո նրա ծնողներն ամուսնալուծվել են, և նա հայտնվել է Գետիքփաշայի հայկական որբանոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը՝ Ռաքելին:
1996 թվականին Դինքը հիմնում է «Ակօս» թերթը, որը դառնում է Թուրքիայի միակ հայալեզու պարբերականը:
Հրանտը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները համարձակ մեկնաբանող հոդվածներով, և պատահական չէ, որ 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան առջև՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցների անմեղ զոհն է դառնում։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր` «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:
Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց` հանուն արդարության և Հայոց ցեղասպանության ճշմարտությունը թուրք ժողովրդին ներկայացնելու համար, և չվարանեց իր կյանքով վճարել` այդ նպատակն իրականացնելու համար:
Դինքն իր նպատակին հասավ, թե՝ ոչ, չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ նրա մահով շատերը համարձակություն գտան` բարձրաձայնելու իրենց հայ ինքնության մասին:
Իսկ նրա մահվան մասին կարելի է ասել՝ թիկունքին արձակված կրակոցը չսպանեց նրան, այլ միայն անմահացրեց: Ստորեւ վերահրապարակում ենք հատվածներ Հրանտ Դինքի ելույթներից, որոնք այնքա՜ն արդիական են ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների համար:
* * *
Հիմա Թուրքիո մեջ բոլոր այս շարժումները մեջտեղ հանեցին ինքնության հարց՝ ո՞վ է թուրքը: Քուրդը ըսավ՝ ես թուրք չեմ՝ քուրդ եմ: Ես ալ օր մը գացի Ուրֆայի մեջ, ինձի հարցում մը հարցված էր, որ «ամեն օր ձեր դասարանին մեջ, դպրոցներում մեջ «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» կսեք, ամենօրվա ձեր ելույթը կունենաք, ի՞նչ կզգաք»: Ես ալ ըսի՝ ես շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ:
* * *
Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մեկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնա: Այո', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծեք, որ պիտի գանք և այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրա:
* * *
Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք պիտի օգտվիք, դո'ւք մարդ պիտի ըլլաք: Ես իմ պապերուս ցավը, իրականությունը կշալկեմ, հավիտյանս հավիտենից պատիվովս կտանիմ, բայց ձեզի~ ի՞նչ պիտի ըլլա: Եթե չի ճանաչեք, այսպես պիտի մնաք: Անգամ մը ևս պիտի գործեք: Հայերը ջարդեցիք, հիմա քուրդերը պիտի ջարդեք: Աս է իրականությունը:
* * *
Ես որևէ ազգի՝ ոչ ֆրանսացիներեն, ոչ գերմանացիներեն, ոչ ամերիկացիներեն Ցեղասպանության ճանաչման նկատմամբ աշխատանք չեմ տարած և չեմ տանիր, որովհետև իրենց երբե’ք չեմ վստահած, չեմ վստահիր ալ…:
* * *
Այո, երբեմն, մարդ եմ, կվախնամ: Դժվարություններ կապրիմ այդ երկրին մեջ: Երբեմն սպառնալիքները կհասնին ոչ թե իմ անձիս, այլ մինչև իմ ընտանիքիս: Այդ ատեն կվախնամ: Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել: Երբեմն կմտածեմ՝ առնեմ զավակներդ, դուրս երթամ, բայց մինչև այսօր չգացի՝ մնացի: Տեսնենք՝ ասկե վերջ…:
* * *
Եթե դուք կկարծեք, որ Թուրքիայի հասարակությունը իրականությունը գիտե և կուրանա, այդպես շարունակեցեք: Ո'չ, իրականությունը չի գիտեր: Ինչ-որ գիտե, անիկա կպաշտպանե: Ուրեմն, ձերը՝ չեմ գիտեր, բայց իմ առաջին պարտականությունս անոնց իրականությունը գիտցնելն է: Այս ուղղությամբ կաշխատինք մենք Թուրքիո մեջ, ասոր համար ալ պետականությունը մեզի չի վարձատրեր: Այո', երբեմն կվարձատրե՝ բանտարկելով, կամ դատապարտելով:
Արազ Գայմագամյան