Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սլովենացի Մարտին Ստրելը երկար տարածության լողի պրոֆեսիոնալ լողորդ է և աշխարհի լավագույն մարզիկներից մեկը, սակայն նրան չես տեսնի Օլիմպիական խաղերին:
Տղամարդը լողալով անցել է մոլորակի 5 ամենաերկար գետերը, և դա արել է ոչ թե փառքի և գումարի, այլ ջրի վատ էկոլոգիական վիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար:
AdMe.ru-ն գրում է, որ Ստրելը «գրավել» է աշխարհի ամենաերկար գետերը. Դանուբը (լողալով 504 կմ 84 ժամում` առանց դադարի), Միսիսիպին, Պարանան, Յանցզին և Ամազոնը: Նա նաև հատել է Ջիբրալթարի նեղուցը: Նրա լողանցներից հինգը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Ստրելը սովորական մարզիկի տեսք չունի. նա սիրում է ուտել և օրը մեկ շիշ գինի է խմում, սակայն գոհ է իր մարմնից: «Երբ լողում եմ, մեկ ժամում կորցնում եմ 600-700 կալորիա: Իմ օրգանիզմն աշխատում է Mercedes-ի ու BMW-ի պես», - ասել է նա: Ստրելը պատմել է, որ ջուրը նրա ընկերն է մանկությունից: Նա պատմել է, որ երբ հայրը հարբում էր, նրա հետևից էր ընկնում շղթայով կամ փայտով, և ինքը ստիպված էր լինում թաքնվել գետի մեջ: Այսպիսով՝ 6 տարեկանում նա սովորել է լողալ: «Երբ փոքր էի, ջուրը մաքուր էր, այնտեղ խեցգետիններ ու ձկներ կային: Բայց հետո սկսեցին նոր ճանապարհներ կառուցել, և այժմ այնտեղ նույնիսկ ջրիմուռներ չեն աճում: Որոշել եմ լողալ, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ջրի խնդրի վրա», -ասել է լողորդը:
Ստրելը խնամքով պատրաստվում է յուրաքանչյուր լողանցի. նա իմանում է, թե որ երկրներով է անցնելու, տեղեկություններ է հավաքում կլիմայի, ջերմաստիճանի, ջրի որակի և այնտեղ բնակվող կենդանիների մասին: Նրա կարծիքով՝ կարևորը ճիշտ տրամադրվածությունն ու պարզ գլուխն են:Նշվում է, որ Մարտինը Երկրի առաջին մարդն է, որը լողալով անցել է Ամազոնը` 5,268 կմ երկարությամբ գետը: Նա 66 օր շարունակ լողալով օրական անցել է 80 կմ:
Այժմ լողորդը 62 տարեկան է:
«Ես լողում եմ հանուն խաղաղության, ընկերության և մասնավորապես` մաքուր ջրի: Ես սովորական մարդ եմ, բայց կարող եմ փոխել այս աշխարհը», - ասել է նա: