կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 21:56
Քաղաքական

Ադրբեջանը գերի է վերցնում ԵԱՀԿ-ն

Ադրբեջանը գերի է վերցնում ԵԱՀԿ-ն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվելու վտանգի առջև է: Պատճառն այն է, որ ԵԱՀԿ անդամ երկրները կոնսենսուսի չեն գալիս Հայաստանում կազմակերպության գրասենյակների մանդատների երկարաձգման շուրջ: Գրասենյակից օրեր առաջ պարզաբանել են, որ բոլոր երկրներից համաձայնությունն ստանալու նպատակով ԵԱՀԿ նախագահությունը բանակցություններ է վարում, որի ելքից կախված կլինի՝ կշարունակի՞  արդյոք տարածաշրջանում գործող ԵԱՀԿ  միակ գրասենյակն իր գործունեությունը նաև այս տարի, թե՞ ստիպված կլինի փակվել:

Պաշտոնական Երևանն շտապում է ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ: Պատճառը, թերևս, ԵԱՀԿ-ն նախագահող Ավստրիայի կողմից վարվող բանակցություններին չխանգարելու ցանկությունն է: Սակայն ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը օրեր առաջ նշել է, թե ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի դերն արժևորում են ԵԱՀԿ նախագահությունը, քարտուղարությունը, անդամ երկրների բացարձակ մեծամասնությունը՝ բացառությամբ մեկի: Չնայած նա չէր հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն այդպիսի ընդամենը մեկ երկիր կարող է լինել՝ Ադրբեջանը, որտեղ ԵԱՀԿ գրասենյակ չկա: 2015թ. հունիսին Բաքուն պայման դրեց, որ եթե երկրում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի պաշտոնում չնշանակվի իր համար ցանկալի կոնկրետ թեկնածուն, ապա ետ կկանչի իր ստորագրությունը Բաքվում գրասենյակի գործունեության թույլատրման հուշագրից: Դրանից հետո ԵԱՀԿ-ն ստիպված եղավ փակել գրասենյակը:

Եվ ահա դրանից հետո Ադրբեջանը սկսել է նաև երևանյան  գրասենյակի փակմանը հասնելու  գործընթաց: Բաքուն օգտվում է նրանից, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոսնենսուսով: Այսինքն, առանց անդամ բոլոր երկրների համաձայնության հնարավոր չէ հասնել ոչնչի:

Երևանյան գրասենյակի փակումը ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա քաղաքական առումով ազդեցություն ունենալ չի կարող: Այս հարցում Երևանը և Բաքուն գտնվում են բացարձակապես հակադիր հարթություններում: Եթե Բաքուն ինքն է նախաձեռնել իր մոտ ԵԱՀԿ գրասենյակի փակումը, ապա Երևանի պարագայում հնարավոր փակումը չի պայմանավորվում հայաստանյան իշխանությունների դիրքորոշումներով: Առավելագույն վնասը, ինչին կարող է հանգեցնել գրասենյակի փակումը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին, պետական, հասարակական ինստիտուտներին օժանդակության ԵԱՀԿ ծրագրերի ժամանակավոր առկախումն է լինելու: Խնդիրը, սակայն, ադրբեջանական այս սաբոտաժի՝ բուն գրասենյակին վնասելու մեջ չէ:

Իրականում սա շատ ավելի խորքային երկու խնդիր է ընդգծում: Առաջին՝ Բաքուն փաստացի ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը և Ադրբեջանը հայտնվեն նույն մակադրակի վրա. եթե Ադրբեջանում չկա ԵԱՀԿ գրասենյակ, ապա չպետք է լինի նաև Երևանում: Հարցը զուտ պարզունակ չկամության մեջ չէ, այլ երկրի սուլթանականացման ֆոնին միջազգային հանրության մոտ Հայաստանի նկատմամբ հնարավոր դրական տրամադրվածության ձևավորման հեռանկարը և հետևանքները չեզոքացնելու: Բաքվում շատ լավ հասկանում են, թե ինչպես կարող է այդ տարբերությունը հատկապես ԼՂ հիմնահարցի համատեքստում աշխատել իրենց դեմ: Իսկ որ դա աշխատող մեխանիզմ է, գործնականում դրսևորվում է ԼՂՀ-ի փաստացի գոյության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի ակնհայտ փոփոխությամբ. ոչ թե նույնիսկ Հայաստանը, այլ Արցախն է Ադրբեջանի հետ ժողովրդավարության մակարդակի առումով համեմատության մեջ դրվում՝ միջազգային հանրության ընկալումներում աստիճանաբար անպատկերացնելի դարձնելով Արցախի որևէ ենթակայություն Ադրբեջանից:

Նույն այդ նպատակին է ծառայում նաև այսպես կոչված ԼՂ հարցի կարգավորման պլատֆորմի ստեղծումը և դրան միանալուն ուղղված՝ նրանց հատուկ ծառայությունների գործակալը դարձավ Վահրամ Մարտիրոսյանի միջոցով հիմնականում արտերկրի ազգությամբ հայերի հավաքագրման գործընթացը: Բաքուն, այդպիսով հայաստանյան հասարակությանը, պետությանը փորձում է հրահրել հալածանքներ սկսել «պլատֆորմի» օգտին արտահայտվողների նկատմամբ, որպեսզի հնարավորություն ստանա աղաղակելու, թե մարդու իրավունքների տեսանկյունից Հայաստանն առնվազն իրենից ավելի լավ վիճակում չէ:

Երկրորդ խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ն փաստացի ինքն իրեն վերածում է ադրբեջանական շանտաժային քաղաքականության գերու՝ թույլ տալով ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մակադրակով հետամնաց, դիկտատուրական ռեժիմ ունեցող երկրին միջամտելու այլ երկրների հետ իր հարաբերություններին: Եթե մինչև հիմա Բաքվի շանտաժի առջև ծռմռվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ անգամ Բաքվի կողմից մասշտաբային պատերազմ սկսելու ակնհայտ փորձի պարագայում խուսափելով նրա պատասխանատվությունը հասցեականացնելուց, ապա հիմա, փաստորեն, Բաքուն փորձում է ամբողջական կազմակերպության քթից բռնած քարշ տալով բավարարել իր քմահաճույքները: Հայաստանի և միջազգային հանրության դեմ շանտաժային, մաքսիմալիստական քաղաքականությունը Ադրբեջանը  հաջողությամբ իրացնում է Եվրոպայի խորհրդում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում, անգամ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում՝ դրանք լիարժեքորեն վերածելով Հայաստանի միջազգային մեկուսացման, ԼՂ հարցում իր շահերից բխող բանաձևերի ընդունման հարթակների: Բայց դրանք երկրորդական են ԵԱՀԿ-ի համեմատ, քանի որ սա միակ կազմակերպությունն է, որտեղ կոնսենսուսով որոշումների կայացման մեխանիզմը լրջագույն զսպող գործիք է Երևանի համար և միակ կազմակերպությունն է, որն օժտված է ԼՂ հարցով վճռական որոշումներ կայացնելու մանդատով: Եվ թույլ տալ, որ Բաքուն նաև ԵԱՀԿ-ն դարձնի իր կապրիզների բավարարման խաղահրապարակ, կնշանակի զիջել բոլոր դիրքերն արտաքին քաղաքականության մեջ, լեգիտիմացնել շանտաժի նրա դիվանագիտությունը և վերածվել նրա ակամա սպասարկուի:

Գևորգ Դարբինյան