կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-05 16:14
Հասարակություն

Հայաստանը` հարմար տիրույթ կիբերհանցագործների համար. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանը` հարմար տիրույթ կիբերհանցագործների համար. Սամվել Մարտիրոսյան

Yerkir.am-ի զրուցակիցն է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

-Պարո’ն Մարտիրոսյան, որո՞նք էին 2016-ի ամենամեծ հաքերային հարձակումները` «տարվա հարձակումը»:

-Եթե խոսենք համաշխարհային մակարդակով, ապա կարծում եմ` մի քանի շատ կարեւոր դեպքեր են եղել։ Կարելի է նշել Mirai հաքերային գործիքի կոդերի հանրայնացումը։ Այս գործիքը թույլ է տալիս կոտրել ինտերնետին միացված բոլոր հնարավոր իրերը, դրանցից ստեղծել ցանց եւ իրականացնել DDoS հարձակումներ։ Եվ այս գործիքը դարձավ բոլորին հասանելի, ինչը տարին դարձրեց ամենախոշոր եւ լայնամասշտաբ հարձակումների տարի։ Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է։ Բացի դրանից` հաքերների ձեռքում հայտնվեցին ամերիկյան NSA հատուկ ծառայության ռազմական բնույթի հաքերային գործիքները, ինչը նույնպես իր հետեւանքները կունենա ապագայում։ Իսկ զուտ հարձակումների տեսանկյունից, կարծում եմ` ամենամեծը Yahoo-ի դեմ երկու հարձակումներն են, որոնց հետեւանքով հաքերների ձեռքում են հայտնվել, համապատասխանաբար, 500 միլիոն եւ 1 միլիարդ օգտվողների տվյալները։ Հարձակումները եղել էին ավելի վաղ, բայց հայտնի դարձան 2016-ին, ինչի հետեւանքով Yahoo-ն վերջնականորեն արժեզրկվեց: Ամենամեծ ազդեցություն ունեցող հարձակումը, երեւի, ամերիկյան դեմոկրատների մեյլերի կոտրելն ու հրապարակելն էր, ինչը, ենթադրում եմ, իրավիճակ փոխեց ընտրություններում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ շատ լուրջ հարձակումներ այս տարի չեն արձանագրվել։ Իհարկե, ադրբեջանական հաքերներին հաջողվել է կոտրել մի քանի տասնյակ հայկական կայքեր, մի քանի հազար ֆեյսբուքյան օգտատիրոջ էջեր, ինչպես նաեւ հրապարակել մի քանի հազար էլեկտրոնային փոստերի տվյալներ։ Սակայն սրանք արտառոց դեպքեր չէին, այնպես որ` իսկապես լուրջ միջադեպ նշել դժվար կլինի:

-Կարո՞ղ ենք ասել, որ կիբերհանցագործները Հայաստանում «վերջապես» աշխատելու դաշտ ունեն:

-Հայաստանը դարձել է հարմար տիրույթ հանցագործների համար, քանի որ, մի կողմից, մենք աշխարհի ամենաանզգույշ կիբերտիրույթի համայնքներից մեկն ենք, մյուս կողմից` վերջին երկու տարվա մեջ կտրուկ ավելացել է ինտերնետից, էլեկտրոնային առեւտրից եւ օնլայն բանքինգից օգտվողների թիվը։ Այնպես որ` կիբերհանցագործները պարզապես պարտավորված են ավելի ակտիվ գործել Հայաստանում։ Եվ այս տարվա ընթացքում արդեն երեւում էր, որ հենց Հայաստանի վրա ուղղված հարձակումներ են ի հայտ գալու։

-Խոսենք քարոզչական պատերազմի մասին. որտե՞ղ ենք թերացել և ինչի՞ ենք հասել:

-Սա իրականում շատ երկար ու անվերջ հարց է, քանի որ իրավիճակն անդադար փոփոխվում է։  Փաստ է, որ մենք ստիպված ենք գործել Ադրբեջանի դեմ, որն ունի շատ ավելի մեծ ծախսեր այս ոլորտում։ Դրան գումարած` փաստը, որ Բաքվին աջակցում է թուրքական կողմը։ Բնականաբար, կան շատ խնդիրներ, կան նաեւ դիրքեր, ուր մենք ավելի ամուր ենք, քան հակառակորդը, բայց կարելի է մի քանի հստակ խնդիր լուծել։ Առաջինը՝ մեր լրատվական դաշտն է, ինչպես մեր նյուզմեյքերները, այնպես էլ լրատվամիջոցները հիմնականում ստեղծում են լուրերը ներքին շուկայի համար։ Մենք մեր յուղի մեջ ենք տապակվում, նույնիսկ եթե գրում ենք ինչ-որ բան, որը պետք է գնա դուրս։ Մյուս մեծ խնդիրը մասնագիտացված լրագրողների պակասն է.  շատ քիչ լրագրող ունենք, ով լավ հասկանում է ադրբեջանական, թուրքական ներքին խոհանոցից։ Նույնն էլ վերաբերում է Վրաստանին ու Իրանին։ Մեր արտասահմանյան լրահոսը կարդալիս  երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ մեր հարեւանները Լյուքսեմբուրգն ու ԱՄՆ-ն են։

-Պարո’ն Մարտիրոսյան, կա՞ն կայքեր, որ կուզեիք կոտրել, ու ի՞նչ գրառում կթողնեիք այնտեղ:

-Մեկ-երկու հայկական լրատվական կայք կա, որ կուզենայի կոտրել ու վրան գրել․ «Մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել»։Բայց չեմ կարող ասել` կոնկրետ որ կայքերն են, միևնույն է, նման բան չեմ անելու:

-Իսկ Ձե՞զ էլ սոցցանցերում դիմելիս գրում են` «cez, dez, czez, dzez»: Ո՞ր տարբերակն եք նախընտրում:

-Ես ոչ պաշտոնական դիմելաձևի կողմնակից եմ, այնպես որ` գերադասում եմ, որ ինձ դիմեն дуов կամ dooov, douououow, duof։ Բայց կարելի է նաեւ լինել խիստ օրիգինալ եւ մեսրոպատառ գրել, չեմ նեղանա:

 

Կարինե Հարությունյան