Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում իրանագետ Նվեր Դավթյանն անդրադարձավ գերտերություններին ԻՊ-ից եկող սպառնալիքներին և այդ համատեքստում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում որոշ զարգացումների: Բանախոսը հակված էր տեղի ունեցող զարգացումներում տեսնել հոգեբանական պատերազմի տարրեր: Դա է վկայում Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման միջադեպից հետո բոլոր տեսակի տեսանյութերի տարածումը, որոնցում երևում է, թե ինչպես են իսլամիստները կրակ բացում պարաշյուտով իջնող օդաչուի վրա կամ ծայրահեղ ռազմատենչ հայտարարություններ անում:
Ըստ իրանագետի` մեկ այլ խնդիր է այն ժամանակահատվածը, երբ որոշեցին խոցել ռուսական ռազմական օդանավը: Միջադեպը հաջորդեց Պուտին-Իրանի հոգևոր առաջնորդ հանդիպմանը, երբ համաշխարհային գերտերությունն ու տարածաշրջանային գերտերության առաջնորդները հանդիպում են` փորձելով փոխըմբռնման լայն դաշտ ձևավորել Ռուսաստանի ու Իրանի միջև:
«Այս պահին, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի աճող հեղինակության վրա, բնական է, որ կա\'մ Թուրքիան, կա\'մ ԱՄՆ-ը ամեն կերպ պետք է փորձեին հասկացնել, որ իրենք նույնպես գոյություն ունեն տարածաշրջանում, և խնդիրներն առանց իրենց որոշման, ամբողջական չեն կարող լուծում ունենալ»,- ասաց Նվեր Դավթյանը` հավելելով, որ այդ միջադեպով Թուրքիան փորձեց իր կշիռը մեծացնել տարածաշրջանում:
Հարցին, թե արդյո՞ք իսլամիստները կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար, իրանագետը պատասխանեց, որ մեծ հաշվով նրանք կարող են վտանգ ներկայացնել մեզ համար, որովհետև իսլամիստական զինված խմբավորումների հանդեպ ճնշումները կհանգեցնեն նրան, որ նրանք կփորձեն փախչել Սիրիայից, բայց ո՞ր երկիրն են գնալու:
«Հայաստան նրանց համար դժվար է ներխուժել, նրանք այնպիսի երկրներ պետք է ներխուժեն, որտեղ կարողանան ստեղծել իրենց բազան, լինել անվտանգ վայրում ու շարունակել իրենց ռազմական գործողությունները: Այդպիսի հարմար հարթակ իսլամիստների համար կարող են հանդիսանալ Նախիջևանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կովկասը»,- ասաց նա`հավելելով, որ իսլամիստների համար հարմար կարող է լինել ցանկացած իսլամական երկիր, որը աշխարհագրորեն մոտ է գտնվում և ռազմաքաղաքական առումով բարենպաստ հող է ստեղծում նրանց գործունեության համար: