Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սանկտ Պետերբուրգում կայացած` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առաջնային միջնորդի դեր ստանձնելու` Հայաստանի հանձնառության մասին: «Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը»,- ասաց նա:
Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում հայտարարել էր, թե Վիետնամի հետ արդեն համաձայնություն է ձեռք է բերվել ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին՝ ավելացնելով, որ նման տիպի զարգացմամբ հետաքրքրվում են նաև Իսրայելը, Հնդկաստանը, Սինգապուրը, Եգիպտոսը և Իրանը: Պուտինի խոսքից հետևում էր, որ, մասնավորապես, Իրանի հետ գործընթացը գտնվում է խիստ նախնական, անգամ` ոչ թե բանակցային, այլ քննարկումների փուլում:
Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փաստացի ընդգծեց, որ Իրանը ցանկանում է ավելին, և Հայաստանն ամեն ինչ անելու է` գործընթացը բանակցությունների մակարդակ տեղափոխելու և, ի վերջո, ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ առնվազն միջանկյալ, ժամանակավոր համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար: Նման հայտարարությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի ուղղակի հետևանքն է: «Իրանի նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Մասնավորապես` ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար»,- ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանից հետո այցելելով Ղրղզստան՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, թե կցանկանար, որպեսզի Սանկտ Պետերբուրգում կայանալիք` այս ԵՏ բարձրագույն խորհրդի նիստում քննարկվեր կազմակերպության հետ հնարավորինս արագ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը: Եվ ահա բաց տեքստով հայտարարելով այդ մասին՝ Սերժ Սարգսյանը փաստացի հասկացնում է, որ Իրանի նախագահն իրեն տվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև միջնորդի ֆունկցիա իրականացնելու մանդատ և շահագրգռված է առաջին հերթին Հայաստանի տարածքում ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում, ինչպես նաև Թեհրանին ցույց է տալիս, որ Հայաստանը գործնական քայլեր է կատարում երևանյան պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Սա ժեստ է՝ Թեհրանի վստահությունը ձեռք բերելու, ամրապնդելու նպատակով:
Իրան-ԵԱՏՄ առանցքում Հայաստանի հիմնական շահը ոչ այնքան տնտեսական է, որքան` քաղաքական: Պարզ է, որ եթե Իրանի հետ ստեղծվի ազատ առևտրի գոտի, իրանական ընկերությունները, ձեռնարկություններն ավելի շահագրգռված կլինեն վերջնական ապրանքների արտադրությունը և փաթեթավորումը Հայաստանում իրականացնել՝ ավելի մատչելի դարձնելով իրենց մուտքը եվրասիական շուկա և մաքսատուրքերի հանման հաշվին ավելի մրցունակ դարձնելու իրենց արտադրանքն այդ շուկայում: Բայց միևնույն է՝ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահման չունենալը նաև լրջագույն խնդիր է լինելու նրանց համար, ու թերևս դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ, չնայած Երևանի գործադրած ջանքերին, իրանցի գործարարներն այնքան էլ խանդավառված չեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու, ներդրումներ կատարելու հարցում: Իրանի համար օբյեկտիվորեն ավելի նախընտրելի է ԵԱՏՄ և Ռուսաստան դուրս գալ ոչ թե Հայաստանի և Վրաստանի տարածքով, այլ Կասպից ծովով կամ Ադրբեջանով ու Թուրքմենստանով: Սակայն Իրան-ԵԱՏՄ բանակցություններում միջորդի դերի ստանձնումը էական քաղաքական դիվիդենդներ կտա` Իրանի վստահությունը շահելու և գործընկերային հարաբերություններն էլ ավելի առարկայական դարձնելու առումով: Հենց դրանից էլ փորձում է հիմա օգտվել Երևանը՝ փաստացի նոր արագություն հաղորդելով Իրանի հետ ԵԱՏ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին:
Հայաստանի իրական տնտեսական դիվիդենդները ոչ թե Իրան-ԵԱՏՄ առանցքում են, այլ, այսպես կոչված, Պարսից ծոց-Սև ծով միջանցքով դեպի եվրոպական շուկաներ դուրս գալու` իրանական ստրատեգիական ձգտումների: Եվ շատ կարևոր էր, որ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ի չկայացվածության և այդ կազմակերպությունից Հայաստանի չբավարարվածության ուղերձների ֆոնին հստակ հայտարարում է, որ Հայաստանը փորձելու է տարանցման այլընտրանքային ճանապարհ հարթել նաև դեպի արևմտյան շուկաներ՝ ինչ-որ իմաստով դառնալով այդ հարցում Իրանի շահերի սպասարկողը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն այս նպատակը փաթեթավորեց ԵԱՏՄ շահերի համատեքստում գործելու «թղթածրարով»: «Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծոց, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար»,- ասաց նա: Բայց իրականում այդ միջանցքը ԵԱՏՄ-ի հետ որևէ առնչություն չունի: Թե՛ Հնդկական օվկիանոս և թե՛ Պարսից ծոց դուրս գալու համար ԵԱՏՄ մյուս անդամները շատ ավելի նախընտրելի ու մատչելի ճանապարհներ ունեն:
Գևորգ Դարբինյան