կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 09:53
Առանց Կատեգորիա

Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. «Իրատես»

Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։

Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։ «Իմ քայլը» սկսեց այս հողի վրա առաջին հրապարակային ճաքերը տալ, մնացածներն էլ իրենց հազիվ են զսպում, որ «ցուպը» հեղափոխության առաջնորդներից մեկի ձեռքից չխլեն ու․․․

Հրաժարականի պահանջին միացավ խորհրդարանական ընդդիմությունը, եւ մի ուշագրավ դրվագ առավել ակնառու դարձավ։ Երբ պաստառով լուսավորականները փորձեցին նիստերի դահլիճ մտնել, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակցին ասաց, որ թույլ չտան ներս տանել պաստառը, հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկավ ու գրեթե «բարի երթ»-ով նրանց ներս ուղեկցեց։

Փաստորեն արդեն իրավիճակ էր փոխվել, ավելին, պաստառի հետ անհաշտ պայքար մղող փոխխոսնակը եւ Փաշինյանի միակ ու անկրկնելի աներձագը կարճ ժամանակ անց անձամբ լուսանկարվեցին ԼՀԿ-ի՝ ԿԳՄՍ նախարարից «դուխով» հրաժարական պահանջող պաստառի հետ` լայն ու լուսավոր ժպիտով։ Կարծես ժամեր առաջ Սիմոնյանը չէր խորհրդարանի «վերակացուի» դերը ստանձնել։

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԱԺ-ում իր հրաժարականի քննարկման օրն Արայիկ Հարությունյանն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, թե հեղափոխության առաջնորդներից մեկն ինքն է, եւ իր հրաժարականն անգամ չերազեն։ Սա ավելի շատ ոչ թե ընդդիմությանը, այլ հենց իշխանությանն ուղղված ուղերձ էր, որովհետեւ իշխանությունում արշալույսները շատ վաղուց արդեն խաղաղ չեն, Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ձեռքով ուզում է ազատվել իր վարկանիշի վրա մեծ քար գցող նախարարից։

Իսկ վերջինս նրան հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. ինչքան Փաշինյանը, նույնքան էլ ինքը «հեղափոխության» իրավատերերից են։ Ասել է՝ որքան Փաշինյանն իրավունք ունի մնալու իր աթոռին, այնքան էլ՝ Հարությունյանը։

Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բեւեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջեւ պայքարը առաջիկայում թեժանալու, եւ ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում