Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Բաքվում շատերը կարծում են՝ Մոսկվան եւ Թեհրանը ձգտում էին օգտագործել այդ ռազմածովային զորավարժությունները տարածաշրջանում իրենց ուժն ու ազդեցությունը ցուցադրելու համար: Որոշ փորձագետներ ի պատասխան առաջարկում են դիտարկել իրենց տարածքում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը: Ընդ որում՝ նրանց կողմից անտեսվում է այն, որ նմանատիպ զորավարժություններ արդեն անցկացվել են անցյալ տարի (CASAREX 2024)՝ մերձկասպյան բոլոր հինգ երկրների մասնակցությամբ:
Սակայն այս անգամ Ադրբեջանը շտապեց Ղազախստանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպել ընդամենը մեկ ամիս առաջ նույն ջրերում՝ չհրավիրելով Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքմենստանին: Դրանից հետո Ղազախստանի հետ օդային-մարտավարական զորավաժություններ են անցկացվել հենց Ադրբեջանում: CASAREX 2025 թ-ին չմասնակցելու, այլ մերձկասպյան պետություններից միայն մեկի հետ զուգահեռ զորավարժություններ անցկացնելու ադրբեջանական ղեկավարության ձգտումը կասկածի տակ է դնում Կասպից ծովում Հավաքական անվտանգության բազմամյա սկզբունքները:
Կասպից ծովը, որը նախկինում կոչվում էր «Բարեկամության ծով», լարվածության աղբյուր է դառնում համաշխարհային քաղաքականությունում։ Դա բացատրում է Թեհրանի դժգոհությունը Ադրբեջանի վարած քաղաքականությունից։ Ավելի վաղ Բաքուն պնդում էր՝ Կասպյան տարածաշրջանը ՆԱՏՕ-ի ազդեցության տիրույթում չէ: Իսկ հիմա, համագործակցելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, Ադրբեջանը հրահրում է օտարերկրյա միջամտություն:
Իրանի քաղաքացիներն ավելի ու ավելի հաճախ են իրենց հարեւանին դիտարկում որպես պոտենցիալ սպառնալիք, որը, հնարավոր է, դավադրության մեջ է Իսրայելի հետ: Ադրբեջանին սահմանակից իրանական քաղաքների բնակիչները հայտնել են 12-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական տարածքից երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեպքերի մասին: Արեւմտյան որոշ լրատվամիջոցներ նաեւ պնդում էին՝ Բաքուն թույլ է տվել Իսրայելին անօդաչու թռչող սարքեր արձակել իր տարածքից: Չնայած Իրանի կառավարությունը պաշտոնապես չի ընդունել այդ հայտարարությունները, Փեզեշքիայնն ալիեւին կոչ է արել հետաքննել այդ հարցը: Իրանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին եւ թույլ է տալիս նրան ռազմական օբյեկտներ տեղակայել իր տարածքում: Եվ Թեհրանը նման հայտարարությունների համար ունի հիմնավոր պատճառներ:
Ադրբեջանը միակ մահմեդական երկիրն է, որն աջակցում է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլահի» դեմ պատերազմում: աիեւը ակնհայտորեն համերաշխություն է հայտնում հրեական պետությանը, մինչդեռ մյուս մահմեդական երկրները առնվազն փորձում են չմիջամտել: Հակամարտության թեժ պահին երկու երկրների ղեկարվության ներկայացուցիչները, այդ թվում՝ պաշտպանության նախարրները, բանակցություններ են վարել տարածաշրջանային համագործակցության ընդլայնման շուրջ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Արեւմտյան ավիաընկերությունների մեծ մասը դադարեցրեց թռիչքները դեպի Իսրայել, Ադրբեջանի պետական ավիաընկերությունը շարունակեց թռիչքներ իրականացնել, իսկ իսրայելցի զբոսաշրջիկների հոսքն Ադրբեջան աճել է 50%-ով:
2000-ականների սկզբից Ադրբեջանը դարձել է Իսրայելից ռազմական արտադրանքի հիմնական գնորդը։ 2010-ականներին իսրայելական մատակարարումների մասնաբաժինը սպառազինությունների ներմուծման ընդհանուր ծավալում կազմում էր գրեթե 70%: Հարաբերությունները բարելավվել են 2020 թ-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո, երբ իսրայելական զենքը վճռորոշ դեր խղաց Ադրբեջանի ռազմական հաջողության գործում: 2024 թ-ի սեպտեմբերին կնքվեց նոր պայմանագիր, որը միլիարդավոր դոլարների եկամուտ բերեց։ Այս գործարքները աջակցում են Իսրայելում աշխատատեղերին, նպաստում են նոր ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը եւ նպաստում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի համատեղ նախածերին, որոնք առանցքային նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության համար:
1990-ականներից ի վեր Ադրբեջանն առանցքային դեր է խաղում Իսրայելի էներգետիկ անվտանգության գործում: Ադրբեջանական գազը երկրի համար կենսական նշանակություն ուներ դեռեւս 1994 թ-ին Արաբական պետությունների հետ հարաբերությունների կարգավորումից եւ 1999-2009աններին Իսրայելում գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումից առաջ: 1990-2000-ական թվականներին ադրբեջանական էներգետիկան աջակցում էր իսրայելական տնտեսությանը՝ մնալով միակ հուսալի գործընկերը մահմեդական աշխարհում: Ադրբեջանը մատակարարում է վառելիքի ավելի քան 60 տոկոսը, որն իսրայելցիներն օգտագործում են ավտոմեքենաների համար նախատեսված բենզինից մինչեւ ռազմաօդային ուժերի կործանիչների համար ավիացիոն կերոսին: Վերջին պատերազմների պայմաններում, երբ Իսրայելը հատկապես վառելիքի կայուն մատակարարման կարիք ունի, ադրբեջանական նավթի արտահանումը հրեական պետություն աճել է 55 տոկոսով:
Իսրայելն ու Ադրբեջանն առանցքային դաշնակիցներ են Իրանի հետ դիմակայությունում: Հատկանշական է, որ այս համագործակցության սկիզբը դրվել է 30 տարի առաջ ԱՄՆ-ում: 1995 թ-ի հոկտեմբերին Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւը նշել էր՝ իր երկիրն ընդհանուր սահման ունի Իրանի հետ եւ օգնություն է խնդրել անվտանգության հարցերում: 2003 թ-ի հոկտեմբերին իլհամի՝ Ադրբեջանի նախագահ դառնալուց ի վեր, դաշնակցային հարաբերությունների հակաիրանական հիմքը գրեթե չի փոխվել:
Իրանի տեսանկյունից Երուսաղեմի հետ Բաքվի մերձեցումը մեծացնում է Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում, սակայն Թեհրանը չունի բավարար ազդեցություն, որպեսզի ստիպի Ադրբեջանին փոխել Իսրայելի հետ հարաբերությունների բնույթը: Սակայն Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները միակ գործոնը չեն, որը բարդացնում է Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները: Օրինակ, Թեհրանում մտահոգությամբ են վերաբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարին, որը ցամաքային ճանապարհ է, որը պետք է միացնի մայրցամաքային Ադրբեջանը իր Նախիջեւանի էքսկլավին Հայաստանի հարավային Սյունիքի մարզի տարածքով: Բաքվի կողմից առաջ քաշվող այս նախագիծը կարող է հանգեցնել Հայաստանի հետ Իրանի պատմական ցամաքային կապերի խզմանը եւ Ադրբեջանին ու Թուրքիային վերահսկողություն տրամադրել տարածաշրջանում առանցքային երթուղու նկատմամբ: Չնայած նախագիծը հանդիպեց Իրանի վճռական հակազդեցությանը, Թրամփի վարչակազմի վերջին հայտարարությունները կրկին անհանգստություն են առաջացրել: ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել միջանցքի նախագծի կառավարումը՝ այն ներկայացնելով որպես աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին: Իրանցի փորձագետներն այս նախաձեռնությունը գնահատում են որպես աշխարհաքաղաքական մանեւր, որն ուղղված է Իրանին երկրորդ պլան մղելուն: Իսկապես, արտաքին խաղացողները միջամտում են գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանային երկրների շահերը:
Հաշվի առնելով ընդհանուր սահմանը, զարգացած տնտեսական կապերը եւ անկայունությունն իր տարածք տեղափոխելու ռիսկը՝ Բաքուն շահագրգռված չէ Իրանի հետ ուղիղ առճակատման մեջ: Հեռանկարում Ադրբեջանը կշարունակի հավասարակշռել Իսրայելի հետ ռազմավարական դաշինքի, Անկարայի սերտ աջակցության, Վաշինգտոնի ազդեցության եւ Թեհրանի հետ կոնֆլիկտային հարեւանության միջեւ: Ռուսաստանը նույնպես դժվար թե անմասն մնա իր հարավային ստորոտում տեղի ունեցող իրադարձություններից:
Նիկոլայ Բոբկին
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի