Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի՝ կան գյուղացիներ, ովքեր հայտարարում են, որ համայնքների խոշորացման արդյունքում իրենց գյուղի անունը կվերանա քարտեզի երեսից, սակայն դա այդպես չէ: Այս մասին այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ասաց նախարարը` պատասխանելով, այն հարցին, թե արդյո՞ք համայնքների բնակիչները չեն դժգոհում խոշորացումից: «Նրանց թվում է, որ, օրինակ, երբ Գոշավանքը, Հաղարծինը միանում են Դիլիջան համայնքին, անունը վերանելու է, ոչ, բնակավայրի անունը ոչնչով չի փոխվել, բնակավայրի անունը մնացել է նույնը, պարզապես համայնք բառն է փոխարինվել բնակավայր բառով»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ խոշորացվող համայնքներում գյուղացիների մտահոգություններից մեկն էլ այն է, որ ասում են, թե խոշորացման արդյունքում իրենք չենք կարողանա օգտվել իրենց գյուղում եղած ծառայություններից, օրինակ` Կոթիի բնակիչը ստիպված լինի իրենց գյուղից գնալ Նոյեմբերյան՝ գույքահարկ վճարելու կամ տեղեկանք ստանալու, սակայն, ըստ Լոքյանի, այս խնդիրը նույնպես չկա: Նա հայտնեց, որ ներկայումս բոլոր խոշորացվող համայնքներում ստեղծել են քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակներ: Նախարարը հայտնեց, որ ներկայումս ՀՀ 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնցից 8-ը` խոշորացված համայնքների կենտրոններում: Ընթացքի մեջ են խոշորացված ևս 10 համայնքներում (Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Այրում, Նոյեմբերյան, Կողբ, Տեղ, Գորայք) ՔՍԳ-ների հիմնման աշխատանքները:
Նախարարի խոսքով՝ խոշորացված համայնքներին տրամադրվող աջակցությունը շարունակական է լինելու: Նա հայտնեց, որ Դիլիջան միավորված համայնքին կտրամադրվեն մեծ թվով մեքենաներ և տեխնիկա, մասնավորապես՝ երկու բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, երեք բեռնատար ինքնաթափ, երեք աղբ հավաքող մեքենա, մեկ ավտոգրեյդեր, մեկ քաղաքային կոմունալ` ձյուն մաքրող և մեկ փոշեկուլ մեքենա, ամբողջովին կփոխարինվեն Դիլիջան քաղաքի արտաքին լուսավորության հին սարքերը, և երկու տարի հետո մենք կունենանք ժամանակակից լուսադիոդներով լուսավորված համայնք՝ Դիլիջան քաղաքով և 6 գյուղերով:
Այս տարվա դեկտեմբեր ամսից Դիլիջանի, Թեղուտի, Հաղարծինի և Գոշի դպրոցներում իրենց աշխատանքն են սկսել ինժեներական լաբորատորիաները, որտեղ արդեն սովորում են 170 ապագա ծրագրավորողներ, եռաչափ նախագծող-ինժեներներ և ռոբոտային տեխնիկայի մասնագետներ:
Լոքյանի խոսքով՝ 2017-2018 թվականներին համանման տեխնիկական վերազինում կիրականացվի ևս 15 միավորված համայնքներում, ինչի շնորհիվ մենք կարձանագրենք համայնքային կարողությունների լուրջ աճ: