կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-26 14:15
Հասարակություն

Անխղճություն է գյուղացուց 100 դրամով կաթ գնելը. Դավիթ Լոքյան

Անխղճություն է գյուղացուց 100 դրամով կաթ գնելը. Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մտահոգված է, որ գյուղացուց 100 դրամով կաթ են գնում: «Դա անխղճություն է, բայց եթե 150-170 դրամի սահմաններում լինի՝ նորմալ է»,- Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` անդրադառնալով գյուղացիների բարձրացրած այն խնդրին, որ իրենց խաբում են և կաթ մթերում շատ ցածր գներով:

«Սխալ է մտածել, որ կաթի գինը Հայաստանում պետք է միշտ 200 դրամ լինի: Միջազգային շուկայում կաթը, ինչպես նավթը, ոսկին, իր գինն ունի՝ 0.26 ցենտ: Եթե կաթի գինը Հայաստանում ամբողջ տարին 200 դրամ լինի, Հայաստանում պանիր արտադրելն ու արտահանելը կդառնա ոչ մրցունակ, քանի որ դրսի պանիրն ավելի էժան է: Մարդիկ կգնան Բելառուսից կամ Վրաստանից պանիր կբերեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրենք պետք է մտածեն շատ կաթ արտադրելու մասին:

Թաթուլի բնակիչները հայտնեցին, որ գյուղում 400-ից ավելի կով կա, և կաթը պահելու համար երկու հատուկ սառնարան է անհրաժեշտ:

Նախարարը խոստացավ առաջիկայում օժանդակել, որպեսզի գյուղին սառնարաններ տրամադրվեն, ինչից հետո եթե գյուղացի լինի, ով իրենց օգնությամբ կփորձի վերամշակման կետ հիմնել, շատ լավ կլինի: «Ամբողջ գյուղով կարելի է վերամշակման կետը կոոպերատիվ հիմնել»,- առաջարկեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար, ինչպես նաև` Աշտարակի ԲԿ: Այնուհետև մարզի համայնքապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել: