Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախագիծը ներկայացրած` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ օրենքը վերաբերում է համայնքներին հատկացվող պետական դոտացիաների կարգին:
«Այս օրենքը շուրջ 8 տարի մշակված էր եւ գործածության մեջ չէր դրվում, քանի որ համապատասխան պայմանները թույլ չէին տալիս, որպեսզի օրենքը գործածվի, և համայնքների վիճակը չվատթարանա»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ, ըստ օրինագծի, համայնքներին ոչ թե գումար է հատկացվելու` եղած բնակչության թվով, այլ այն գործառություններով, որով համայնքն առաջնորդում է:
Ըստ նախարարի՝ Երեւանից դուրս գտնվող բարձրլեռնային բնակավայրերը ստանալու են մեծ դոտացիաներ: «Այն բնակավայրերը, որոնք նախկին շրջկենտրոններ են, ավաններ և կորցրել են նախկին արտադրական հզորությունները, չունեն լրացուցիչ բյուջետային մուտքեր, համապատասխան փոփոխության արդյունքում ստանալու են ավելի մեծ դոտացիաներ»,- ասաց Լոքյանը:
Նախարարն օրինակ բերեց Վարդենիս քաղաքը, որն օրենքի փոփոխությունից հետո կստանա 20 մլն դրամի ավելի դոտացիա:
«Մայրաքաղաքից, նախկին շրջկենտրոնից կամ մարզպետարանից ունեցած հեռավորությունով պայմանավորված` բնակավայրերն ավելի մեծ դոտացիա կստանան, քանի որ համայնք պահելը, ծառայություններ իրականացնելն այդ հեռավորության վրա ծախսատար է»,- պարզաբանեց Դավիթ Լոքյանը: