կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 20:44
Հասարակություն

ՍԱՊԾ-ը տոնական օրերին խստացված վերահսկողություն կիրականացնի

ՍԱՊԾ-ը տոնական օրերին խստացված վերահսկողություն կիրականացնի

Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը:

Մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:

Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձևավորվեն նաև աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով:

Ստեղծված աշխատանքային խմբերը հանրապետության ողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվի ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը:

Ծառայությունը կոչ է անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք և, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով իրացման կետի հասցեն, արտադրողի և/կամ իրացման կետի ամբողջական անվանումը, բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը, կցելով լուսանկար կամ տեսանյութ: