կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 10:15
Հասարակություն

Արտակարգ միջադեպի հետևանքով Արցախում զինծառայող է զոհվել

Արտակարգ միջադեպի հետևանքով Արցախում զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /շուրջ 40 անգամ/: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև արտակարգ միջադեպ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: