կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 15:17
Հասարակություն

Պետական ոլորտում նոր մտքերի, նոր գաղափարների խնդիր ունենք. Սևակ Նազարյան

Պետական ոլորտում նոր մտքերի, նոր գաղափարների խնդիր ունենք. Սևակ Նազարյան

Երիտասարտության մի լայն զանգված այսօր շարժվում է ոչ թե գաղափարախոսությամբ, այլ, առավելապես, սեփական կարիերան ձևավորելու, խնամիաազգակցական կապերի միջոցով պաշտոնի հասնելու և այդ կերպ նյութական բարեկեցություն ստեղծելու ճանապարհով. նման կարծիքի է տնտեսագետ, ՀՅԴ Երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը:

Նա ցավով է նշում, որ հասարակության մի ստվար հատված դեռ չի հասկանում, որ, ընտրակաշառք վերցնելով, սեփական շահադիտական նկատառումներով կամ պարտադրանքի զոհ գնալով, որեւէ քաղաքական ուժի օգտին քվեարկելն իրեն տանում է ավելի ոչ բարվոք վիճակի, իսկ հետո նույն այդ մարդիկ բողոքում են ստեղծված իրավիճակից, որ երկրում արդարություն չկա, որ սոցիալական պայմանները լավ չեն:

Սևակի կարծիքով` մեր երիտասարդությունը, առհասարակ՝ հասարակությունը, այսօր բավականին քաղաքականացված է, բայց տարբեր բաներ են` քաղաքականացված լինելը և քաղաքականությունը ճիշտ հասկանալը:

«Նախորդ ընտրությունների ուսումնասիրությունը ցուցյ է տալիս, որ ժողովուրդը ոչ թե ձայն է տալիս կուսակցության ծրագրին, գաղափարախոսությանը, այլ առանձին անհատների, կամ կրկնվեմ՝ իր սեփական, անձնական շահերից ելնելով: Դա է, որ խնդիր է դարձել, և նոր Սահմանադրությունն ինչ-որ չափ կլուծի այդ խնդիրը, որ անձով պայմանավորված քաղաքական հոսանքները որոշակիորեն հեռանան քաղաքական դաշտից: Եթե X անձնավորությունն է կանգնած տվյալ քաղաքական ուժի առջևում, ապա կարևոր չէ հասարակության համար, թե ով է նրա մեջքին կանգնած, կա՞ որոշակի թիմ, որոշակի ծրագիր, կամ` եթե կա, ապա բավականաչափ ուժ ունի՞ տվյալ քաղաքական ուժը, որ կարողանա իրականացնել իր կանխորոշած փոփոխությունները: Դա մեր հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ: Զուտ անհատին նայելով, անհատին հավատալով, նրա մի խոսքը հավանելով՝ առաջնորդվում են, ամեն ինչը շոուի է վերածվում, ինչին մեր հասարկաությունը, նաև երիտասարդությունը զոհ է գնում»,- նշեց Սեւակը:

Ինչ վերաբերում է երիտասարդության պատրաստվածությանը, նրա խոսքով` անկախության սերունդը բավական լուրջ փոփոխություն կկատարի Հայաստանի Հանրապետության ապագայում:

«Այնուհանդերձ, համեմատելով արտասահմանյան երկրների հետ, մեզ մոտ քաղաքականությունով զբաղվում են այն մարդիկ, ովքեր, որոշ չափով իրենց անձնական սեկտորում չեն կարողանում հանդես գալ: Առավել զարգացած պետություններում լինում է հակառակը՝ մարդիկ հաստատվում են իրենց կյանքում, հետո իրենց ուժը ներդնում պետության զարգացման գործում: Նրանք, հաստատվելով մասնավոր սեկտորում, իրենց մասնագիտության մեջ ավելի կատարելագործվելով, փորձ ձեռք բերելով, հասնում են որոշակի մակարդակի, և երբ զգում են, որ կարող են նաև իրենց տեսակետներն ու փորձը ներդնել պետության համար, մտնում են պետական ոլորտ, քաղաքական դաշտ` հիմնականում: Իսկ ՀՀ-ում երիտասարդության մեծ մասը ձգտում է հենց ամենասկզբից մտնել պետական ոլորտ, հաստատվել պետական ոլորտում՝ անկախ նրանից՝ այնտեղ աշխատավարձերը բարձր են, թե՝ ցածր»,- նշեց նա:

Սևակի կարծիքով՝ այդ ամենն ունի նաև դրական կողմեր: «Մենք այսօր պետական ոլորտում նոր մտքերի, նոր գաղափարների, առհասարակ՝ նորամուծությունների խնդիր ունենք: Ինչքան էլ ավելի մեծ սերնդի մարդիկ կատարելագործված կամ փորձառու լինեն, սակայն հասնում է մի տեղ, որ ցանկացած մարդ ունի սպառում. սպառվում է միտքը, ու նորություններ չի կարողանում ներմուծել՝ հաշվի առնելով նաև այն, որ ներկայիս պետական մարմիններում գտնվողների մի մեծ մասը տարբեր իշխանություններ է տեսել: Իսկ երիտասարդությունը, հիմնականում` անկախության սերունդը, չի հանդուրժում հինը, անցածը, սխալը, իսկ դրականը հեշտությամբ կարող է վերցնել՝ ունենալով նաև ապագայի հետ կապված նորամուծություններ, նոր տեսլականներ»,- ասաց երիտասարդը եւ նշեց, որ ինչ-որ առումով երիտասարդները նաեւ  իրենցից վտանգ են ներկայացնում, քանի որ հեղափոխական գաղափարները միշտ չէ, որ պետական կառավարման ոլորտում կարող են ողջունվել:

Սևակին մտահոգում է, որ շատերը ձգտում են կայանալ պետական ոլորտում, ոչ թե մասնավոր հատվածում, իսկ այս առումով՝ քաղաքականացված լինելը խանգարում է, քանի որ, նրա խոսքով, տնտեսությունն առավել զարգանում է ոչ թե պետական ոլորտի, այլ մասնավորի շնորհիվ: «Այսինքն` եթե մեր երիտասարդները փորձեն բարիք ստեղծել մասնավոր դաշտում՝ իրենց անձնական կրթության, իրենց բիզնես-գաղափարների և նորարությունների շնորհիվ, ապա, այդ ամենում փորձառություն ձեռք բերելով, կկարողանան օգնել երկրին»,- եզրափակեց նա: