կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 17:22
Տարածաշրջան

Դևլեթ Բահչելին կոչ է անում անհապաղ վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Դևլեթ Բահչելին կոչ է անում անհապաղ վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) կոչ է արել մահապատժի վերականգնում նախատեսող օրինագիծ ներկայացնել խորհրդարան. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Doğan լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բահչելին այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ՝ Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները սառեցնելու մասին` Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած որոշումը մեկնաբանելիս:

Նրա կարծիքով` եթե ԵԽ-ն մահապատժի վերականգնումը որպես պատրվակ է ներկայացնում բանակցային գործընթացը սառեցնելու համար, ապա ԱԶԿ-ն պետք է վաղը ևեթ մահապատժի վերականգնման բանաձև ներկայացնի մեջլիս: Բահչելին նշել է, որ պետք է ապացուցել եվրոպացիներին, որ Թուրքիան խամաճիկ պետություն չէ:

Նա Եվրոպային մեղադրել է խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ: 
«ԵԽ-ն ընդհանրապես չի ամաչում Թուրքիայում հաստատված արտակարգ դրությունը քննադատելիս: Հետաքրքիր է` ԵԽ-ի մտքով անցե՞լ է նույն կերպ քննադատել նաև Ֆրանսիային: Սա ի՞նչ անամոթություն է, անմտություն ու անհեռանկար վարքագիծ: Եվրամիությունը (ԵՄ) 53 տարի մեզ խաբում է: Եթե հրաժարվեինք մահմեդական թուրք լինելուց,  վաղուց հաստատած կլինեին մեր անդամակցությունը Եվրամիությանը: ԵՄ-ի հետ բանակցությունները համուհոտը կորցրել են»,- ասել է Բահչելին: