կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 14:34
Քաղաքական

Մենք փոխում ենք սլաքը. Սերժ Սարգսյանը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին

Մենք փոխում ենք սլաքը. Սերժ Սարգսյանը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին

Ներկայացնում ենք ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ելույթը՝ ՀՀԿ 16-րդ համագումարում:

«Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանը, հայապահպանությանը և մեր ավանդական մյուս գերակայություններին առնչվող հարցերում։ Ակնհայտ է, որ համայն հայության անքակտելի կապը շարունակաբար պետք է ամրապնդել նաև ներկայի և, իհարկե, ապագայի ընկալմամբ և տեսլականով: Այսօր արդեն գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Պարզ, առանց խրթին տողատակերի մի նպատակադրում, որը պահանջում է, սակայն, համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ, ավելի ակտիվ նախատրամադրվածություն։ Այո, մենք շարունակում ենք բացահայտել սփյուռքի մեր քույրերի և եղբայրների ներուժը՝ փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը: Տնտեսական, իրավական, սոցիալական, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական և այլ բնագավառներում աշխատանքները կազմակերպելու համար արդեն ստեղծված են գրեթե բոլոր նախապայմանները:

Այս տարիների ընթացքում մենք շատ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ։ Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության և պատասխանատվության համատեղումն է դա։ Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Ուրեմն եկել է նաև միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը։ Անկեղծ լինենք՝ մինչ այսօր դա ընդգծված իրականություն չի եղել։ Քիչ բացառություններով՝ Հայաստանում մշակվել և իրականացվել է այս կամ այն ոլորտի քաղաքականությունը, ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցները հրավիրվել են մասնակցելու կամ օժանդակելու։

Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ։ Այս ողջ գործընթացում բացառելու ենք չհասկացվածության սուր անկյունները, խուսափելու ենք «մենք ասեցինք, մեզ չլսեցիք» ձևակերպումներով թևաթափ երևույթները, յուրաքանչյուր կարող և ցանկություն ունեցող հայի համար փորձելու ենք գտնել գործելու և պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը։ Մենք պատրաստ ենք բաց և շիտակ քննարկումների: Ես ինքս նման քննարկումներ անցկացնելու համար օգտագործում եմ յուրաքանչյուր առիթ, հատկապես՝ իմ արտասահմանյան այցերի ընթացքում: Հիմա արդեն դա դարձնելու ենք մշտական գործող մեխանիզմ Հայաստանում։ Այս թեմայի շուրջ մենք երկար ենք խոսել վարչապետի հետ։ Կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-սփյուռք գործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շարժիչը։ Եվ մենք միասին ենք աշխատելու Հայաստանի որևէ ոլորտն առաջ տանելու քաղաքականության իրականացման հարցում։ Այնպես, ինչպես այսօր մեր երկրում կառավարության հետ միասին ամեն օր որևէ բան են փոխում Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Վարդան Սերմաքեշը, ովքեր տնտեսության շատ կոնկրետ ոլորտներում նոր մշակույթ են ներդնում և զարգացում են ապահովում։ Այնպես, ինչպես մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհների որոնման հարցում շատ հաճախ ինստիտուցիոնալ դերակատարություն են ստանձնում հայ եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակները, Ամերիկայի հայկական համագումարը, աշխարհասփյուռ մեր մյուս կառույցները։ Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաև ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել և աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։

Վստահ եմ՝ սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է։ Այսօր մենք ամրագրում ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը։ Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման և իրականացման գործում փորձելու ենք ներգրավել պատասխանատվություն ստանձնել ցանկացող կարող ուժերին և պայմանավորվում ենք, որ խնդիրների լուծումն այսուհետ միասնության ու պատասխանատվության դաշտում է, այլ ոչ թե միակողմանի հրապարակային կոչերում կամ միջազգային մամուլի էջերում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ և խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք։ Շատ ունենք։ Եվ կարծում եմ, որ հիմա իսկական տեղն ու ժամանակն է, որպեսզի մենք մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում ու Սփյուռքի գաղթօջախներում բարեգործություններ են կատարում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեծ միջոցներ են հատկացնում ու նաև, իհարկե, նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում են դա անում, ընդհուպ մինչև երեկ չէ առաջին օրը տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում 23-24 եվրո նվիրաբերող մարդկանց: Եկեք միասին շնորհակալություն հայտնենք բոլորին:

Անշուշտ մեր ուշադրության կենտրոնում են մնալու նաև աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության և երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Այսօր չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով: Պետք է սահմանենք նոր նշաձողեր: Մեզ պատմական առիթ է տրվել հանդես գալու բազմապատիկ ուժով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հնարավորությունները: Հարգելի՛ գործընկերներ, Նշածս առաջնահերթություններն առաջիկա տարիների ընթացքում կլինեն մեր քայլերի ուղենիշները։ Մենք շարունակում ենք լինել այն հիմնական քաղաքական թիմը, որը Հայաստանում իրականացնում է քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները։ Պատահական չեմ օգտագործում «թիմ» եզրույթը։ Այո՛, ես համոզված եմ, որ հանրապետական լինելը առաջին հերթին նշանակում է լինել գործընկեր, լինել թիմակից, լինել համախոհ: Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ մենք մեր համախոհների և գործընկերների շարքերը սահմանափակում ենք միայն մեր կուսակցական ընկերներով: Դրա լավագույն ապացույցն է մեր կառավարությունը, որի կազմում Հանրապետականի հետ արդյունավետորեն համագործակցում և աշխատում են մեր կոալիցիոն գործընկերները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, մեր անկուսակցական գործընկերները, ովքեր լուրջ պատասխանատվության շրջանակներ են ստանձնել: Այդ իրականությունն ապացուցում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցական ղեկավարներ իրենց ճակատագիրը կապել են Հայաստանի հանրապետական կուսակցության հետ՝ ՀՀԿ-ի հետ մասնակցելով ընտրություններին ու նաև աշխատելով մեր խորհրդարանում: Հանրապետականը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ և հայրենասեր ուժերի ու անհատների համար: Մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհանուր տունը շենացնելու համար:

Մենք հավատում ենք մեր ժողովրդին, հավատում ենք աշխատելու, սովորելու, նորն ընկալելու և կիրառելու նրա ունակությանն ու պատրաստակամությանը: Մենք հենվելու ենք ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա: Այո՛, ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ և պետության առաջընթացի կարևոր խթան: Եվ հենց ընտանիքին բնորոշ համերաշխությամբ մենք հետևողականորեն լուծելու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»: