Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն միջոցառումներին, ծրագրերին և բարեփոխումներին, որոնք նախարարությունը պետք է իրականացնի: Նա նշեց, որ ավելի կոնկրետ միջոցառումներ նախատեսված են վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, ատոմային էներգետիկայի, և տարածաշրջանային ինտեգրման ու տարածաշրջանային առևտրի ընդլայնման ոլորտներում: Ըստ փոխնախարարի` սրանք են այն հիմնական առաջնահերթությունները, որի վրա հիմնված է կառավարության` էներգետիկ բլոկի ծրագիրը:
Հարությունյանի խոսքով` նախատեսված է փոքր միկրոկայանները մասսայականացնելու ծրագիր մշակել: Նա նշեց, որ այդ ոլորտը խթանելու համար մինչ օրս շատ գործ է արվել, բայց հիմա հստակ ծրագիր է պետք, որպեսզի Հայաստանի բոլոր տանիքների վրա տեսնենք արևային պանելներ: «Մենք ուզում ենք ստեղծել արտադրություն սպառման կետում, որը շատ ավելի արժեքավոր էներգիա է, դրա համար լավագույն միջոցը արևային էներգետիկան է, արևային պանելը: Այս ծրագիրն իրականացնելու համար պետք են համակողմանի միջոցառումներ բանկային սեկտորի հետ, իրավական դաշտի հետ, լայն իրազեկման գործողություններ, որպեսզի բոլորը հասկանան` ինչ օգուտներ կան այս ծրագրից: Նպատակն այն է, որ մարդիկ հասկանան, որ իմաստ չունի այդ պանելները չտեղադրելը»,- ասաց փոխնախարարը:
Նա կարևորեց արևային կայանների կառուցումը, ինչը նույնպես նախատեսված է ծրագրով: «Էներգետիկայի նախարարությունը առաջարկել է ՀԾԿՀ-ին` սակագին սահմանել մինչև մեկ մեգավատտ արևային կայանների համար: Եվ այդ սակագինը հավասար պետք է լինի քամու էներգետիկայի համար սահմանված սակագնին: Պետք է ներդնողների համար բավարար պայմաններ ստեղծենք, որպեսզի այս ոլորտի զարգացմանը զարկ տանք: Հիմա բոլորը կարող են դիմել ՀԿԾՀ, ստանալ սակագին և կառուցել արևային կայան, և պետությունը 20 տարի պարտավոր կլինի այդ էլեկտրաէներգիան գնել»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` քամու ոլորտում ևս կան հստակ ծրագրեր տարբեր երկրների ներդրողների հետ: «Ներդրողներն իրականացնում են չափումներ Հայաստանի տարբեր հեռանկարային վայրերում: Մենք ամեն ինչով աջակցում ենք նրանց, որպեսզի մոտ ժամանակներս սկսեն կառուցումները: Ներդրողներ կան Իրանից, Իսպանիայից, Իտալիայից, Չինաստանից և Վրաստանից: Այնքան շատ քամու ռեսուրս ունենք, որ մեր քամու ռեսուսրը բավարար կլինի»,- ասաց Հարությունյանը:
Փոխնախարարը նշեց, որ ունենք ռեսուրս` կառուցելու երկրաջերմային կայան: «Երկրաջերմային կայանն օգտագործում է ստորգետնյա տաք ջերմությունը, տաք ջրերը և համարվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրս: Հայաստանում և տարածաշրջանում, առհասարակ, նման երկրաջերմային կայան չի գործել: Հաջորդ քայլը լինելու է մասնավոր ներդրողի ներգրավումը` մրցույթի միջոցով, որիի հիմնական առարկան լինելու է առաջարկվող սակագինը` ով ավելի էժան այդ կայանը կառուցի, նրան էլ կտրվի այդ իրավունքը: Ներդրումներն այստեղ կկազմեն մոտ 100 մլն դոլար»,- ասաց Հարությունյանը:
Փոխնախարարը նշեց, որ նաև նախատեսվում է մրցույթ մյուս տարի 50 մեգավատտ արևային կայան կառուցելու համար: «Շատերը պնդում են, որ արևային էներգետիկան թանկ է, չարժի դա օգտագործել: Մենք այս ծրագրով ապացուցելու ենք, որ դա այդպես չէ, արևային էներգետիկան մատչելի էներգիայի աղբյուր է, և սակագինը լինելու է բավականին ցածր»,- շեշտեց նա:
Հարությունյանի խոսքով` կառավարության հաստատմանն է ներկայացվել էներգախնայողության ազգային ծրագրի երկրորդ փուլը` մինչև 2018 թվականի վերջը հստակ մատնանշված միջոցառուներ, որոնց արդյունքները կունենանք 2020-ին: «Առաջնային էներգիայի սպառումը ցանկանում ենք կրճատել մինչև 38 տոկոսով: Առաջնային էներգիա ասելով` նկատի ունեմ ոչ միայն էլեկտրաէներգիան, գազը, դիզելային վառելիքը, բենզին փայտը, ածուխը, նաև այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք` որպես վառելիք, և համապարփակ միջոցառումներ կան` բոլոր պետական գերատեսչությունների մասնակցությամբ, գրեթե բոլոր ոլորտներում, որպեսզի այս նպատակին հասնենք»,- ասաց նա:
Անդրադառնալով ատոմային էներգետիկային` Հարությունյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է և ամեն ինչ գնում է ըստ ժամանակացույցի: «Արդեն 19 թվականի վերջին` պլանային վերանորոգման ժամանակ, մենք երկարացման ծրագիրը կավարտենք, բայց զուգահեռ բանակցություններ են վարվում երրորդ էներգաբլոկի կառուցման շուրջ»,- ասաց նա:
Հարությունյանը հայտնեց, որ բավական ակտիվ քաղաքականություն է վարվում տարածաշրջանային ինտեգրման, տարածաշրջանային առևտրի ընդլայնման նպատակով: «Մենք ներկա պահին կառուցում ենք երկու էլեկտրահաղորդման գիծ` մեկը` դեպի Իրան, մեկը` դեպի Վրաստան: Նպատակ ունենք մինչև 2019 թվականը երկուսն էլ միաժամանակ ավարտել: Ներկայումս էլեկտրաէներգիայի արտահանումը երկրում զբաղեցնում է 6-րդ տեղը, սրա արդյունքում կտրուկ կբարձրանա այդ հորիզոնականը»,- եզրափակեց փոխնախարարը: