Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելու ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին` բիզնես ոլորտի խթանման համար ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Լրագրողները ներդրումների համատեքստում հարցրեցին վերջերս ՏՄՊՊՀ-ի կողմից խոշոր գումարով տուգանված տեղական արտադրող «Երևան-գարեջուր» ընկերության մասին` ինչպե՞ս կարող են օտարերկրյա ներդրումներ լինել, եթե տեղական արտադրողը միանգամից ու անսպասելի տուգանվում է խոշոր գումարով:
Գագիկ Մակարյանը նախ նշեց, որ երբեք չպետք է անտեսել ներքին ներդրողներին, որովհետև նրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստանի անկախացումից ի վեր ձևավորել են երկրի բիզնեսը: Ուստի պետք չէ անտեսել նրանց դերը և գնալ սխալ պատժամիջոցների ճանապարհով` նրանց տանելով հիասթափության:
«Ընկերությունների վարկանիշը տարիների ընթացքում է ձևավորվում, դրա վրա ծախսվում են տասնյակհազարավոր դոլարներ, և մեկ հարվածքով ոչնչացնել այդ ամենը, ճիշտ չէ: ՏՄՊՊՀ-ն ավելի լավ կլինի նախապես իրազեկի ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման մասին, կանխարգելիչ գործողություններով պաշտպանի ընկերությանը, ոչ թե դարանակալած վատ ոստիկանի պես սպասի` մինչև ընկերությունը հասնի գերիշխող վիճակի, ու ասի` հոպ, քեզ պետք է տուգանենք: Թե դրանով ի՞նչ խնդիր են լուծում, անհասկանալի է, մանավանդ` տարվա վերջին 110 միլիոն դրամով տուգանել ընկերությանը, երբ այն պետք է բարեհաջող կատարի տարվա պլանը, մատակարարումները ներքին շուկայում: Մենք դրանով թուլացնում ենք այդ ընկերությանը»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով` այս տարի «Կիլիկիա» գարեջուրը որակի նոր համակարգ է ներդրել և սերտիֆիկատ ձեռք բերել` միջազգային սննդի անվտանգության չափանիշներով, կատարել է այլ ներդրումներ, որի արդյունքում նրա ապրանքը կարող էր թանկանալ, որպեսզի վերադարձնի իր ծախսերը, ուստի դա չի նշանակում, որ պետք է արձանագրել նրա գերիշխող դիրք ունենալու փաստը:
«Ինչպե՞ս կարող է որակապես բարձր արտադրանքը չտարբերվել որակապես ցածր արտադրանքից: Ինչպե՞ս կատարես ներդրումներ ու վերադարձնես դրանք, եթե գինը չես բարձրացնելու»,- հարց ուղղեց Գագիկ Մակարյանը: