կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-19 12:31
Քաղաքական

Կառավարության ծրագիրը և ներկայացված բյուջեն իրար չեն համապատասխանում. ԲՀԿ-ական

Կառավարության ծրագիրը և ներկայացված բյուջեն իրար չեն համապատասխանում. ԲՀԿ-ական

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այն մասին` արդյո՞ք խոստացված համակարգային փոփոխությունները արդյունք տալիս են, նշեց, որ մարդկանց փոփոխություններն առայժմ չեն հանգեցրել համակարգային փոփոխությունների:

«Բյուջե էինք քննարկում, բայց կառավարության ծրագիրը և այն բյուջեն, որ ներկայացված է, անհամապատասխան են: Շատ հստակ բաներ են  գրված կառավարության ծրագրում` սա անել երեք ամսում, վեց ամսում, բայց բյուջեն չի արտահայտում դա, ինչն էլ մտահոգություն է առաջացնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Մելքումյանի` կառավարության ծրագիրն ավելի ամորֆ է: «Եթե նայում ես նախորդ կառավարության` 2012-2017թթ. հնգամյա ծրագիրը և համեմատում այս կառավարության եռամյա ծրագրի հետ, տեսնում ես, որ հիմնական ցուցանիշները ձախողվել են»,- ասաց Մելքումյանը, ապա հավելեց. «Օրինակ նախատեսված էր, որ ավելացված արժեքի հարկը սահմանին չպետք է գանձվի, բայց սա հանվել է: 2012-2017 թթ. ծրագրում գրված էր, որ պետք է 100 հազար ոչ գյուղատնտեսական բնույթի աշխատատեղեր ստեղծվեին գյուղերում, գյուղական համայնքներում, 70 հազար ՓՄՁ աշխատատեղեր»:

Մեր դիտարկմանը` ստացվում է` նախորդ կառավարության ծրագիրը այս կառավարությունն ուղղակի չի շարունակում,  Մելքումյանն արձագանքեց. «Դա քաղաքական մեծամասնության ծրագիրն է: Քաղաքական մեծամասնությունը չի փոխվել, փոխվել են մարդիկ, իսկ դա չի նշանակում, որ քաղաքական մեծամասնություն է փոխվել: Հիմա որևէ մեկը չի հարցնում` բա դա չանելու համար ինչ-որ պատասխանատվության ռեժիմ կա՞»:

Մելքումյանը նշեց, որ սա նոր կառավարություն է, բայց քանի որ քաղաքական մեծամասնությունը նույնն է, և պատասխանատվությունը նրանցն է, ապա կարելի է ասել, որ շատ բան չի փոխվել:

«Բայց, օրինակ, բենզինի գինը իջեցրին, եթե հնարավոր էր բենզինի գինը 2 շաբաթում  40 դրամով իջեցնել, սա ի՞նչ է նշանակում: Բենզին ներկրողների շահո՞ւյթն է եղել այդքան մեծ, որ հիմա էժանացել է, թե ինչի՞ արդյունք է: Ես այդ հարցը տվեցի ֆինանսների նախարարությանը, չպատասխանեցին»,- եզրափակեց մեր զրուցակիցը: