Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում այսօր քննարկվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ` «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Եվ նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռք բերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները:
Առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն` նախատեսելով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:
Նշենք, որ հիմնական զեկուցողը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն էր:
ԲՀԿ-ական ու ՀԱԿ-ական որոշ պատգամավորներ հայտնեցին իրենց տարակուսանքը օրինագծի կապակցությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրինագծից հասկանալի չի դառնում` ծախսե՞րն են գաղտնի դառնալու, թե՞ գործառույթները, որովհետև կարող է գաղտնի լինել, թե նախագահի ու վարչապետի մեքենան որտեղ են նորոգում, նրա սեղանին դրվող սնունդը որտեղից են գնում, բայց ինչո՞ւ է թաքցվում ծախսը:
Մարգարյանը օրինակ բերեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումների մասին սկանդալային հրապարակումները: Նա նշեց, որ եթե գաղտնիությունը վերաբերում է արարողակարգային ծախսերին, ապա գործընթացն է գաղտնի, հետևաբար, ծախսեր բառը պետք է հանել ու մտցնել գործընթաց բառը:
«Կարծում էի, որ նախկին կառավարության հրաժարականից հետո այս նախագիծը դուրս կգա, որովհետև Տիգրան Սարգսյանն էր, որ սիրում էր թանկարժեք գործուղումներ անել, բայց ի՞նչ տեղի ունեցավ երկրում, որ եթե հասարակությունը գիտի, թե որքան է ծախսվում անվտանգության համար, ուրեմն այդ մարդու անվտանգության հարցը վտանգի տա՞կ է դրվում»,- տարակուսեց Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով` հանրությունը գիտի, թե որքան է ծախսվում երկրի անվտանգության համար, բայց դրանից երկրի անվտանգությունը չի թուլանում, բայց եթե հանկարծ հասարակությունը իմանա, թե նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի սպասարկման վրա որքան է ծախսվում, ուրեմն այդ մարդկանց անվտանգությունը թուլանո՞ւմ է: Ստեփան Մարգարյանը նշեց, որ ոչ ոք չգիտի, թե նախագահի մեքենան որտեղ է նորոգվում, կամ գործուղման ժամանակ վարչապետը որ հյուրանոցում է կանգ առնում, որովհետև դա կարգավորվում է նորմատիվային ակտերով: Սակայն խորհրդարան բերված օրինագծով առաջարկվում է գաղտնի պահել ծախսվող գումարը: «Թող պահեն գաղտնի, թե որտեղից են առնում այն ջուրը, որը դրվում է տվյալ պաշտոնյայի սեղանին, բայց հանրությունը չիմանա՞, թե որքան է ծախսվել: Ամոթ է, եթե այս օրինագիծն ընդունենք այս տեսքով: Թե ինչ է ծախսվում, մարդիկ պետք է իմանան, որովհետև հարկատուների փողերի մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը: