կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 13:36
Քաղաքական

Լրագրողներն են ստեղծում նման մթնոլորտ. Արթուր Գևորգյան

Լրագրողներն են ստեղծում նման մթնոլորտ. Արթուր Գևորգյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, խոսելով ՊՆ ստեղծվելիք հիմնադրամին 1000 դրամներ հատկացնելու մասին, նշեց, որ վստահության պակասը հարցի մյուս կողմն է:

«Ինչ վերաբերում է` արդյո՞ք պետք է, արդյո՞ք տեղին է այս հիմնադրամը, իհարկե, տեղին է: Ես կողմ եմ, բայց կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե տոկոսային հարաբերությամբ լիներ: Քիչ աշխատավարձ ստացողը վճարեր քիչ, շատ աշխատավարձ ստացողը` շատ: Տրամաբանորեն այսպես ավելի ճիշտ կլինի»,- ասաց նա:

Պատգամավորը չհերքեց, որ կարող է նման առաջարկությամբ հանդես գալ:

Հարցին`  համաձա՞յն է տեսակետին, որ նախ բանակը թալանած գեներալների ունեցվածքը պետք է վերադարձվի բանակին, Գևորգյանն արձագանքեց. «Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, դա նորմալ է, իսկ եթե հարստացել է բանակի հաշվին, դրանով պարտավոր են և պետք է զբաղվեն պատկան մարմինները»:

Հարցին` ինչո՞ւ չեն զբաղվել, պատգամավորը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ չեն զբաղվել, մենք բազմիցս տեսնում ենք, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվում են մի շարք պատասխանատվությունների»:

«Էլ ինչի՞ հաշվին կարող է հարստանալ գեներալը» հարցին, Գևորգյանը պատասխանեց. «Դա նրանցից պետք է հարցնել: Դուք եք ստեղծում հասարակության մեջ մի կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է վատ: Լրագրողներն են հիմնականում ստեղծում նման մթնոլորտ, և թացը չորից սկսում է չտարբերվել: Ես համաձայն եմ, որ երկրում կան մի շարք պաշտոնյաներ, որ հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, դրանով թող զբաղվեն պատկան մարմինները: Բայց նորմալ է, երբ հասարակության մեջ լինեն հաջողակներ, հարուստ մարդիկ, և պետք չէ չարությամբ լցվել նրանց նկատմամբ»:

Դիտարկմանը` Դուք նշել էիք, որ ԱՄՆ-ում տները ձերը չեն, բայց փաստեր հրապարակվեցին, պատգամավորն արձագանքեց. «Ես ձեզ կարող եմ ցույց տալ փաստաթղթեր, որտեղ ոչ թե մեկ, երկու, այլ 30 անվանական գույք կա` Գևորգյան Արթուրի անունով: Միգուցե հուշեք այդ մարդկանց, որ գնան այդ հասցեներով, և պարզվի, որ Գևորգյան Արթուրը տունն է: Գիտե՞ք ինչ կա, ընտրությունները մոտենում են, այս ամենից ինչ-որ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս: Ես 20 տարի մեծ սպորտում եմ եղել, եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, ես ցանկանում եմ իմ անցած ճանապարհով իրենք անցնեն»:

Ըստ նրա` իրեն նախանձողները շատ են, բայց ինքը մեկնաբանություններ չի կարդում, իր խորհրդականներն են ասում դրանց մասին: «Հասարակությունը, երբ մեղադրում է ինձ, 1000 դրամներից է խոսում, միգուցե փորձի հետադարձ հայացք գցել և հասկանալ` ես ով եմ, ինչ ընտանիքից եմ և որտեղի՞ց եմ գալիս»,- ասաց պատգամավորը:

Գևորգյանը նշեց, որ շատ նորմալ կլիներ եթե ԱՄՆ-ում այդ ամենն իրենը լիներ, բայց իրենը չէ: «Ես 2 օլիմպիական խաղերի մասնակցած, մի շարք խոշոր մրցաշարերի մրցանակակիր բռնցքամարտիկ եմ եղել: Իմ առաջին պրոֆեսիոնալ կոնտրակտը 300 հազար ԱՄՆ դոլար է եղել 2001 թվականին: Շատ նորմալ կլիներ, եթե դրանք ինձ պատկանեին, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնելուց հետո իր հայտարարագրած ունեցվածքը գնալով պակասել է: «Իմ գումարները գնալով նվազել են այն օրվանից, ինչ ես պաշտոնյա եմ եղել ՀՀ-ում: Ես գլխավորում եմ բռնցքամարտի ֆեդերացիան, և կամա, թե ակամա լուրջ ծախսեր են առաջանում բռնցքամարտը ճիշտ ուղու վրա դնելու համար, ֆինանսավորելու համար: Չնայած` ամբողջությամբ իմ հաշվին չէ, ես ունեմ մեծ կապեր: Մեկ-մեկ կարելի է նշել փաստեր, թե պատգամավորը իր հասարակական կյանքում, իր ընտրողների համար ինչ է անում»,- նշեց նա:

Ըստ Գևորգյանի՝ պատգամավորի պաշտոնն ամենևին էլ այս ամբիոնից ելույթ ունենալը չէ: «Դուք կարող եք գնալ իմ տարածք: Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, փորձեք շփվել ժողովրդի հետ և հարցումներ անել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր՝ կրկին որպես պատգամավոր առաջադրվելուն, Գևորգյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, ապա հավելեց, որ ինքը մեծամասնականով առաջադրված պատգամավոր է:

Դիտարկմանը՝ այլևս մեծամասնական ընտրակարգ չկա, նա պատասխանեց. «Երբ ուսումնասիրեք այդ համակարգը, կհասկանաք, որ ավելի շատ մեծամասնական է, քան համամասնական: Երբ ձեր անվան դիմաց են քվեարկում, դա ի՞նչ է, եթե ոչ` մեծամասնական: Քողարկված մեծամասնական համակարգ է»: