Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 13:00-ին, նախատեսված էր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի մամուլի ասուլիսը: Սահմանված ժամից դեռ 20 րոպե առաջ ակումբի բոլոր նստատեղերը զբաղված էին: Ներկայացել էին երևանյան բոլոր հեռուստաալիքների, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի թերթերի ու կայքերի լրագրողներ:
Նախատեսված ժամից անցել էր 10 րոպե, սակայն Սաֆարյանը դեռ չէր ներկայացել, ավելին` նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Որոշեցինք 5 րոպե ևս սպասել և նրա ժամանելու վերաբերյալ որևէ տեղեկություն չստանալու դեպքում հեռանալ:
Ընդ որում` սա առաջին դեպքը չէ, որ այս քաղաքական գործիչը նախատեսված ժամից 10-20 րոպե ուշանում է:
Սակայն քիչ անց տեղեկացանք, որ նա մոտ 10 րոպեից կժամանի: Հաշվի առնելով երեկվա քաղաքական իրադարձությունների վերաբերյալ «Ժառանգության» ներկայացուցչի գնահատականների կարևորությունը, որոշեցինք ևս 10 րոպե սպասել: Շատ լրագրողներ համաձայնեցին, քանի որ այսօր գրեթե անհնար էր «բռնեցնել» «Ժառանգություն» կուսակցության կարևոր ներկայացուցիչների, իսկ ասուլիսը հարմար առիթ էր` մեզ հուզող շատ հարցերի պատասխանները ստանալու համար:
Հերթական 10 րոպեն էլ անցավ, իսկ Սաֆարյանը չկար: Եվս 20 րոպե սպասելուց հետո, ի վերջո, լցվեց մեր համբերության բաժակը և, նկատելով, որ ասուլիսի մեկնարկից անցել է ավելի քան 40 րոպե, որոշեցինք միասնական կերպով հեռանալ, որպեսզի նա էլ գիտակցի, որ լրագրողներին շատ սպասեցնելը գեղեցիկ չէ:
Բոլոր լրագրողները միասնաբար դուրս եկան: Ինչպես դպրոցական տարիներին էր պատահում, որոշ աշակերտներ դասից փախչողներին չէին միանում: Նրանց ընդունված էր անվանել «կոմունիստներ»: Պարզվում է, լրագրողների մեջ էլ կային «կոմունիստներ», ովքեր մեզանից հետո մնացել էին և մասնակցել ուշացումով կայացած ասուլիսին:
Փաստորեն, մեզ այդպես էլ չհաջողվեց «պատժել» Ստյոպա Սաֆարյանին, ավելին` այսուհետ լրագրողների վերաբերյալ շատ քաղաքական գործիչների ունեցած պատկերացումներն ավելի կամրապնդվեն: «Թող սպասեն, իրենց գործն էլ դա է»,- կմտածեն նրանք և կշարունակեն սպասեցնել մեզ: Իսկ «Ժառանգության» ներկայացուցչի հաջորդ ասուլիսների ժամանակ նույն լրագրողները կտրտնջան, թե ինչո՞ւ պետք է այդքան սպասեն նրան:
Սակայն խնդիրը ոչ այնքան ասուլիսը լուսաբանել-չլուսաբանելը կամ սպասել-չսպասելն է, որքան համախմբվածության պակասը: Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ էր երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած ընդդիմադիր զանգվածը բաժանվել երկու մասի: