կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 15:28
Տնտեսական

Պարտք ունեցող գյուղացիների հարցը՝ պարարտանյութ ստանալու խոչընդոտ

Պարտք ունեցող գյուղացիների հարցը՝ պարարտանյութ ստանալու խոչընդոտ

Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները գյուղատնտեսության և բնական պաշարների հանձնաժողովում: Հիմնական զեկուցող` գուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը, թե` քանի տարի է՝ գյուղատնտեսությունը համարվում է գերակա ճյուղ, արդյո՞ք այսօր էլ այդպես է: Պատգամավորը հարցրեց նաև, թե ե՞րբ է խորհրդարան բերվելու գյուղատնտեսության մասին օրենքը:

Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ եթե գյուղատնտեսությունը գերակա ճյուղ է, ուրեմն չի կարող գյուղատնտեսության մասին օրենք չլինել, որը կարգավորումներ կառաջարկի: Նախարարը նշեց, որ այս դեկտեմբերին կսկսեն օրենքի քննարկումները և, ըստ ժամանակացույցի, կգնան առաջ:

ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը հարցրեց, թե գյուղացիական պարտքերը` պրարտանյութերի մասով, չե՞ն ազդի պարարտանյութ տրամադրելու վրա: Պատգամավորը կարևոր համարեց նաև, որ ջրային կոմիտեն գործի ոչ թե էներգետիկայի ու բնական պաշարների, այլ գյուղատնտեսության նախարարության կազմում, որովհետև ոռոգման ջուրը գյուղատնտեսության գործառույթն է:

Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ, իսկապես, դիզվառելիքի ու պարարտանյութի պարտքերի հարցը լուրջ է, կան պարտքեր դեռ 2011-ից: Նախարարի խոսքով՝  նախարարությունը ճշտում է այն գյուղացիական տնտեսությունների տվյալները, որոնք պարտքեր ունեն: Կան որոշ դեպքեր, որ դիմել են նաև դատարան:

«Գուցե որոշ համայնքներ, որոնք պարտք են, նրանց չենք տրամադրի, դա բարդ ու սոցիալական հարց է, չեմ կարող ասել, ոնց կկողմնորոշվենք»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ջրային կոմիտեին, նախարարը նշեց, որ դա կառավարության որոշումն է, չի կարող ասել կողմ է, թե` դեմ: Մինչ այսօր, ըստ Առաքելյանի, որևէ գերատեսչության հետ խնդիր չի եղել` համաձայնեցված աշխատելու առումով: