կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 14:30
Քաղաքական

Ակտիվ քաղաքականությունից նախագահ Սարգսյանը երբեք դուրս չի մնա

Ակտիվ քաղաքականությունից նախագահ Սարգսյանը երբեք դուրս չի մնա

Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր թիմի համար էր. լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի` «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում արած հայտարարությանը:

«Թիմին պետք է ասեր` մնալու եմ մինչև վերջ, որպեսզի փլուզում չառաջանա թիմի մեջ: Եթե թիմը ենթադրում է, որ ինչ-որ ժամանակ հետո լիդերը հեռանալու է, ապա նոր լիդերի փնտրտուք է սկսվում »,- ասաց Արշակյանը` հավելելով` հանրապետականների միջև, որոնց թվում կան օլիգարխներ, բյուրոկրատներ, կոռուպցիոներներ, լուրջ հակասություն կառաջանա հենց իմանան, որ կորցնում են իրենց ղեկավարին:

Ըստ նրա` Սերժ Սարգսյանն աշխատում է  թիմը գործունյա պահել մինչև 2018 թվականը: «Մինչ այդ նա նախագահ է, առանց թիմի ի՞նչ նախագահ: Ուստի հիմա հայտարարում է, որ` սխալ եք հասկացել, համբերեք, կերևա: Բացի դրանից` հիմա նոր դինամիկ փոփոխություններ են սպասվում»,- նշեց Արշակյանը:

Նրա ընդդիմախոս` Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ խորհրդարանական ձևաչափին անցնելու առաջարկությունը բխում է ժողովրդավարության ճանապարհի ընդունումից: «Նախագահ Սարգսյանը դեռևս անկախության առաջին տարուց եղել է ակտիվ քաղաքականության մեջ, կա ակտիվ քաղաքականության մեջ և դեռևս երկար ժամանակ կլինի: Կարևոր չեն պաշտոնները` բացարձակապես, այստեղ ամեն ինչ բխում է պետական և ազգային շահերից»,- ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ Սահմանադրությունը պահանջում է, որ առաջիկայում 2 անգամ լինեն կառավարության հրաժարականներ` 2017 թվականի ապրիլին և 18 թվականի փետրվարին: «Սպասենք, կտեսնենք: Չպետք է ժամանակից առաջ ընկնել, ամեն ինչ կախված է նրանից, թե առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում ինչպիսի ձայների կտիրապետեն Հանրապետական կուսակցությունը և մյուս քաղաքական ուժերը»,- նշեց նա` հավելելով`ակտիվ քաղաքականությունից նախագահ Սարգսյանը երբեք դուրս չի մնա: