Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Զբաղվածության մասին» և «ՔԿՀ մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը, որոնցով ամրագրվում են դատապարտյալների մասնագիտական ուսուցման իրացման մեխանիզմները: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ, օրենքի փոփոխությամբ, պատիժը կրելուց ու ազատ արձակվելուց հետո նրանք դառնում են զբաղվածության ծառայության շահառու:
Պատիժը կրող անձը ազատվելուց վեց ամիս առաջ է դառնում զբաղվածության ծառայության շահառու, և եթե դատապարտյալը ցանկություն ունի դառնալու շահառու, ՔԿՀ-ն պարտավորվում է կազմակերպել նրա նախընտրած մասնագիտության ուղղությամբ մասնագիտացում` լինի որևէ արհեստ կամ համակարգչային հմտություններ: Միաժամանակ, ամրագրվում է, որ այն անձինք, ովքեր ազատազրկվել են ազատազրկման հետ չկապվող պատժատեսակներով, օրինակ՝ դատապարտվել են տուգանքի պատճառով, կրում են պատիժը ոչ ՔԿՀ-ում, նույնպես զբաղվածության ծառայության շահառու են դառնում:
Օրենքի փոփոխությունն ամրագրում է մի շարք երաշխիքներ, որոնք կապահովեն պատիժը կրած և ազատ արձակված անձանց ինտեգրումը հասարակությանը և աշխատանքի անցնել:
ԲՀԿ-ական ՄԻքայել Մելքումյանը հարցրեց, թե որքա՞ն դատապարտյալների դուրս գալուց հետո որքան մարդ է տեղավորվում աշխատանքի: Պատգամավորը առիթից օգտվեց ու հարցրեց, թե ի՞նչ գործողություններ են իրականացվում բանտախցերի ծանրաբեռնվածության հարցը լուծելու և պայմանները լավացնելու ուղղությամբ:
Փոխնախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ազատ արձակված դատապարտյալների քիչ մասն է աշխատանք գտնում, որովհետև նրանք համարվում են անմրցունակ, և այս օրենքի փոփոխությամբ կնպաստեն նրանց աշխատանքային ինտեգրմանը: Ինչ վերաբերում է պայմանների լավացմանը, փոխնախարաը նշեց, որ գրեթե լուծել են գերբեռնվածության խնդիրը, իրականացվում են պայմանները լավացնող մի քանի ծրագրեր, որոնց արդյունքները կներկայացնեն առաջիկայում:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ թեև լավ նախագիծ է, և իրենք կողմ են քվեարկելու, սակայն վստահ է, որ այդ օրենքը մնալու է թղթի վրա, այն ուտոպիստական է, որովհետև այսօր Հայաստանում աշխատատեղ չկա: Զոհրաբյանի խոսքով՝ կառավարությունը չցանկացավ լուծել դատապարտյալների` սկայպով հարազատների հետ շփվելու հարցը, հիմա բերել են ուտոպիստական նախագիծ:
Փոխնախարարը վստահություն հայտնեց, որ այդ նախագիծը կաշխատի, չի մնա թղթի վրա, որովհետև դրա ընդունմամբ դատապարտյալները շատ շահագրգռված են: