կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-22 14:35
Քաղաքական

Իրատեսական ծրագիր է. ՀՀԿ-ական պատգամավորը` կառավարության ծրագրի մասին

Իրատեսական ծրագիր է. ՀՀԿ-ական պատգամավորը` կառավարության ծրագրի մասին

Կարճ է, բայց որակն է բարձր, և ավելի կոնկրետություն կա, ավելորդ ջուրը հանած է. yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին:

Ըստ պատգամավորի` ծրագրում կան ռազմավարական և մարտավարական մասեր: «Հիմնականում ծրագրում խնդիրները կարճաժամկետ են, քանի որ վարչապետն ասել էր` կարճաժամկետ, հրատապ հարցեր պիտի լուծվեն, որ մեր հանրությունը զգա փոփոխությունները, նաև ստեղծվի  երկարաժամկետ ծրագրերի հիմք: Մեկը մյուսին չի խանգարում, այլ օգնում է»,- ասաց նա հավելելով, որ ծրագրի մի մասը շատ ավելի կոնկրետ ժամկետային է, այն պետք է հրատապ կատարվի, իսկ մյուս մասը հայեցակարգային է, հետագայում պետք է  շարունակվի:

Ըստ Ալեքսանյանի` կառավարության այս ծրագիրը իրատեսական է և համապատասխանում է երկրում առկա իրավիճակին:

Մեր դիտարկմանը` ստացվում է նախորդ ծրագրերը ջուր ծեծոցի՞ էին, պատգամավորն արձագանքեց. «Եթե ասում եմ` սա կոնկրետ է, չի նշանակում` նախորդները ջուր ծեծոցի էին: Նախորդները ծրագրեր էին 4,5 տարվա համար, սա վեց ամսվա համար է: Հիմնական պատճառը դա է: Վարչապետն ասաց, որ որոշ ժամանակ հետո ինքն ավելի կոնկրետ ծրագրեր կմշակի` ամեն մի բնագավառի համար առանձին-առանձին»:

Ալեքսանյանն այս ծրագիրը գնահատեց նախորդներից, որակական առումով, ավելի լավը: «Այո', այս ծրագիրն իր որակական հատկանիշներով ես գնահատում եմ ավելի բարձր, քան նախորդ ծրագրերը, բայց ծրագիրը միայն կառավարությանը չէ. այս ծրագիրը վարչապետն օդից չի վերցրել, այն ՀՀԿ կուսակցության, ինչպես նաև նախագահի ծրագրի շրջանակներում է կազմված»,- ասաց նա:

Ալեքսանյանն անդրադարձավ նաև կառավարության ծրագրում տեղ գտած այն դրույթին, ըստ որի` նախատեսվում է ձևավորել կառավարությանը կից ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, ինչը երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրերից է: Պատգամավորը նշեց, որ թեև կենտրոնի ձևավորման համար գումարներ են անհրաժեշտ, բայց դա շատ կարևոր կենտրոն է լինելու, և այդ փորձը տարբեր եվրոպական երկրներում կա: «Այդ փորձը տարբեր եվրոպական երկրներում կա: Եթե անգամ կառավարություն փոխվի, այդ կենտրոնը կաշխատի և երկրի առջև ծառացած խնդիրներ կլուծի»,- ասաց նա:

Ալեքսանյանը հավելեց, որ էական չէ` Կարեն Կարապետյանը կլինի՞ հետո վարչապետ, թե՞ ոչ, էականն այն է, որ սուբյեկտների գործոն չլինի, այլ լինի ծրագիր, որ ցանկացած անձի օրոք կգործի:

Ըստ պատգամավորի` Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերի մեջ էլ կան այնպիսի կետեր, որ մինչև հիմա իրագործվում են:

Մեր ճշտող հարցին` վեց ամիսների ընթացքում վարչապետն արդյո՞ք կհասցնի կենտրոնը ստեղծել, որ հետո կիսատ չմնա նրա սկսածը, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել: «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց նա: