Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ «Նոյյան Տապան»-ի համար այս հայտարարությունը մեկնաբանում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Գերիների փոխանակման համատեղ որոշումը ողջունում են և կողջունեն դեռեւս շատ պետություններ։ Կանադայի արտգործ նախարարության հրապարակած հայտարարությունը սակայն ունի կարեւոր առանցք՝ ինչպես դուք եք նշում։
Նախ՝ պարզ տեքստով ասվում է, որ Արցախի բանակցային գործընթացը շարունակվելու է և դրան աջակցում է Օթավան, ինչը ենթադրում է, որ չեն համարում, որ արցախյան հիմնահարցը փակվել է։
Ավելին այստեղ արվել է կարեվորագույն հղում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց հիման վրա էլ ընթանում էին բանակցությունները։ Նման դիրքորոշումով Կանադան շրջում է Բաքվի մարտավարությունը ոչ միայն հարցը չփակելու, այլ նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները վերսկսելու առումներով։
Արձանագրենք, որ հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին։ Արժի նշել որ վերջերս Կանադայի արտգործ նախարարը ժամանել էր Երևան ներկա լինելու համար ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացմանը։ Նրան նախորդել ու հաջորդել էին Կանադայում ՀՀ դեսպանի և Հայ Դատի Կանադայի հանձնախմբի հերթական հանդիպումները արտգործ նախարարի հետ։
«Կանադայի այս հայտարարությունը չպետք է անարձագանք թողել։ Սա կարող է հիմք ծառայել հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության», եզրափակեց Շահան Գանտահարյանը։