կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 17:33
Քաղաքական

Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվի. նախարար

Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվի. նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ Բեսլան քաղաքի մոտ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին առնչվող հարցերին, տրանսպորտային միջոցների շահագործման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված օրենսդրական կարգավորումներին:

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագիծն այժմ գտնվում է ԱԺ-ում և առաջին ընթերցումն անցել է: «Ազգային ժողովն իր պրոցեդուրաներն ունի, և կանցնի: Բնական է՝ մենք կփորձենք ավելի արագացնել: Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվում, պետք է խնդրին ամբողջական մոտեցում ցույց տալ, հասարակության մասնակցությունն էլ պետք է լինի: Ուղևորափոխադրումը կատարում է մարդը: Տուլայի պատահարը դեռևս մեր հիշողության մեջ է, և նախարարությունը քայլեր ձեռնարկեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելիս օրենքում փոփոխություններ իրականացվեն: ԱԺ է գնացել, առաջին ընթերցումն անցել է»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքը շարունակեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախախարար Արամ Արսենյանը՝ նշելով, որ տոմսերի վաճառքի վերահսկողությունն ավելի շատ պետք է լինի, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կատարվի պատվերով` պայմանագրի առկայության դեպքում, իսկ ուղևորների անվանացանկը պետք է լրջորեն վերահսկվի և ոչ կանոնավոր ու կանոնավոր ուղևորափոխադրումների տարբերությունն ակնհայտ լինի:

«Մենք ընդհանուր վերհսկողություն ենք կատարում: Ոչ կանոնավորի դեպքում մեր վերահսկողությունն ավելի քիչ է, կանոնավորի դեպքում լիովին վերահսկվում է»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով վթարից հետո սպասվող փոխհատուցումներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդ երևույթին փոխհատուցում ասել պետք չէ: «Դա փոխհատուցում չէ, դա ավելի շատ օգնություն է, բարի կամքի դրսևորում: Կանոնավորի դեպքում փոխհատուցում է, պատրաստվում ենք մտցնել նաև ապահովագրական համակարգ՝ մեքենայի և ուղևորի»,- ասաց նա:

Խոսելով վթարի պատճառների մասին՝ փոխնախարար Արսենյանն ասաց, որ բազմիցս փորձել է կապվել հետաքննությունը վարող քննիչի հետ: «Երբ մենք հասել ենք դեպքի վայր, տրանսպորտային միջոցներն այնտեղ չեն եղել: Ինձ հաղորդեցին, որ մեքենան կայանված է եղել ճանապարհից դուրս, այսինքն՝ ճիշտ չէ վարկածը, որ մեքենան ոչ ճիշտ տեղում է եղել»,- ասաց նա, ապա հավելեց, որ գործի քննության հետ կապված որևէ բան հստակ ասել չի կարող, քանի դեռ քննությունը չի ավարտվել:

«Տեխնիկական անսարքություն, մարդկային գործոն, վարորդի առողջական վիճակ… Տարբեր վարկածներ կարող են լինել, բայց մինչև հստակ չիմանանք` ինչ է եղել, չեմ կարող ասել: Գործն ուսումնասիրում է ռուսական կողմը»,- ասաց Արսենյանը:

Փոխնախարարը նշեց նաև, որ առաջիկայում փոփոխություններ կլինեն` նաև տեխզննման կտրոնի հետ կապված: «Տեխզննման կտրոնն ուզում ենք ամբողջությամբ հանել, ամբողջն արվի էլեկտրոնային տարբերակով, մեքենաներն անցնեն փաստացի տեխզննում»,- նշեց նա: