կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 10:47
Տարածաշրջան

Միշտ ներկա եք եղել մեր անձնական և հասարակական աղոթքներում, սիրիահայ քույրեր և եղբայրներ. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Միշտ ներկա եք եղել մեր անձնական և հասարակական աղոթքներում, սիրիահայ քույրեր և եղբայրներ. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Ինչպես հայտնում է «Գանձասար»-ը՝

««Ալիք» օրաթերթի 85ամեակին առիթով Թեհրան Գտնուող «Գանձասար»ի խմբագիրը մեր ընթերցողները Թեհրանի հայ համայնքի ազգային, եկեղեցական կեանքի մանրամասնութիւններուն ծանօթացնելու համար հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Սեպուհ Արք. Սարգիսեանի հետ. 

«Գանձասար»- Սրբազան Հայր, համառօտ կերպով կ’անդրադառնա՞ք իրանահայ գաղութին (թեմեր, եկեղեցիներ, դպրոցներ):

Սեպուհ Արք. Սարգսեան – Առաջին հերթին ուզում եմ ողջունել «Գանձասար»ի ողջ ընտանիքն ու իր ընթերցողները, որոնք աւելի քան հինգ տարի է, որ սաղմոսերգուի բառերով «մահուան ստուեր»ը տեսան եւ սակայն չմեռան: Միշտ ներկայ էք եղել մեր անձնական եւ հասարակական աղօթքների մէջ սիրելի քոյրեր, եղբայրներ:

Անդրադառնալով իրանահայ գաղութի պատմութեան ասեմ, որ այդ շատ երկար ու հարուստ պատմութիւն է լի արուեստի, գրականութեան, ճարտարագիտութեան եւ շինարարական ստեղծագործութիւններով: Իրանահայ գաղութը դարերի ընթացքին եւ որոշ չափով մինչեւ այսօր էլ իր ներդրումն է բերել եւ բերում իրանեան մշակութային, ընկերային, քաղաքական եւ տնտեսական կեանքի զարգացման ընթացքի վրայ:

Իրանահայ գաղութը գալիս է պատմութեան խորքից, գաղութի թիւը ունեցել է իր մակընթացութիւնը. այսօր պաշտօնական տուեալներով իրանահայութեան թիւը շուրջ 80 հազար է, որի մեծ թիւը ապրում է Թեհրան մայրաքաղաքում:

Ունենք երեք թեմեր. պատմականութեան կարգով` Ատրպատականի, Սպահանի (Նոր Ջուղա) եւ Թեհրանի թեմերը: Իւրաքանչիւր թեմ կառավարւում է իր առանձին կանոնագրութեամբ եւ վերին հսկողութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան:

Իրանը որպէս հարեւան երկիր Հայաստանի, պատմութեան վկայութեամբ, եղել է բարեկամ եւ երբեմն էլ պարագաների բերումով ոչ բարեկամ բայց ոչ մնայուն ու յարատեւ թշնամի, այլ միշտ բարեկամ: Հետեւաբար պատմականօրէն մենք Պարսկաստանում ունեցել ենք հարիւրաւոր եկեղեցիներ, որոնք ժամանակին գտնուել են պատմական Հայաստանի տարածքին մէջ: Խօսւում է շուրջ երեք հարիւր եկեղեցիների մասին, որոնցից շատերը խոնարհուել են, ոմանք կիսաքանդ են, իսկ աւելի լաւ վիճակի մէջ եղողները կառավարութեան ուշադրութեան առարկայ են:

Այսօրուան տուեալներով ունենք պատմական չորս վանքեր, Ս. Թադէի վանքը, որտեղ ամէն տարի, Ս. Թադէոս Առաքեալի եւ Սանդուխտ կոյսի տօնին, ուխտագնացութիւն է տեղի ունենում հազարաւոր ուխտաւորների մասնակցութեամբ, Ս. Ստեփանոսի, Ծործորի վանքերը եւ Ս. Ամենափրկչեան վանքը Նոր Ջուղայում. իսկ Իրանի գլխաւոր քաղաքներում եւ շրջաններում ունենք բազմաթիւ եկեղեցիներ, այսպէս Նոր Ջուղայում 14, Թեհրան 11, Թաւրիզ 4, Փերիայի գիւղերում 10 եկեղեցիներ իսկ Արաքում, Ռաշտում, Անզալիում, Մաշհադում, Ղարաղանում, Համադանում, Ուրումիայում եւ Ղազուինում մէկական եկեղեցի գոյութիւն ունի:

Այսօր իրանահայ երեք թեմերում գործում են բազմաթիւ դպրոցներ. թեհրանում 17 դպրոց եւ 4 մանկապարտէզ, Նոր Ջուղայում մի կրթական համալիրում տեղադրուած դպրոցներ, Թաւրիզ եւ Ուրումիա եւս ունեն իրենց դպրոցները»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: