կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 15:35
Քաղաքական

Բալասանյանը չի կարող դառնալ Գյումրու քաղաքապետ. Բալասանյանի երբեմնի կուսակից Նաիրա Զոհրաբյան

Բալասանյանը չի կարող դառնալ Գյումրու քաղաքապետ. Բալասանյանի երբեմնի կուսակից Նաիրա Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ վերականգնվում է ընտրողների կողմից քվեարկությունից հետո ստորագրելու պարտականությունը, և այդ ստորագրություններով ցուցակները ներկայացվելու են տարածքային ընտրական հանձնաժողովին, որից հետո` 24 ժամվա ընթացքում, կհրապարակվեն ԿԸՀ կայքում:

Մյուս փոփոխությունը վերաբերում է տեսանկարահանմանը, տեխնիկան գնվելու է` գնման ընթացակարգի համաձայն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին: Նա նախ նշեց, որ այնքան ռոմանտիկ չէ, որ հավատա, թե քվեարկածների ցուցակների հրապարակումը լուծելու է ընտրական արատավոր համակարգի բոլոր խնդիրները, այնուհետև բարձրաձայնեց իր մտահոգությունը: «Տեղեկություն կա, որ կառավարությունը հրաժարվում է իր մասնաբաժնով անհրաժեշտ ֆինանսական պարտավորությունը կատարելուց` տեսանկարահանման ծախսերի հետ կապված, խոսքը 3 միլիոն եվրոյի մասին է, ինչը տարակուսանք է առաջացրել եվրոպական գործընկերների մոտ: Երկրորդ հարցը` այդ քանի՞ հարկանի բոնուս է գործում ԸՕ-ում, որ Գյումրիում Բալասանյանը, չստանալով ձայների մեծամասնությունը, դառնում է քաղաքապետ: Հիմա կասեք, որ դուք քվեարկել ու ընդունել եք օրենքը, բայց ընդունեք, որ կիրարկման ընթացքում այս օրենքն անարդար մեխանիզմներ է առաջացնում, և ժամանակը չէ՞, որ հիմա փոփոխություն կատարվի այդ օրենքում: Ինձ հետաքրքիր չէ, որ Իտալիայում այդ փոփոխությունն է գործում, փաստն այն է, որ Բալասանյանը` Գյումրիում, և Ասլանյանը Վանաձորում չեն ստացել այդքան ձայներ, որ քաղաքապետ դառնան: Չի կարող 32 տոկոս ձայն հավաքածը դառնալ գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանը խնդրեց Նաիրա Զոհրաբյանին` բարձրաձայնել այն եվրոպացի գործընկերների անունները, ովքեր ասել են, թե ՀՀ կառավարությունը չի պատրաստվում կատարել իր մասնաբաժին ֆինանսական պարտավորությունը: Նա հստակեցրեց, որ 3 միլիոն եվրոն ուղղվելու է նույնականացման քարտերի հետ կապված ծրագրին: «Իսկապես կուզենայի լսել այն գործընկերների կամ դեսպանների անունները, որոնք անպատասխանատու հայտարարություններ են արել մեր ամենաոչռոմանտիկ պատգամավորի մոտ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գյումրու ընտրություններին, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների արդյունքներից դժգոհողները միշտ էլ փորձում են արդարացումներ, պատճառներ գտնել: Եթե մի որևէ կուսակցություն ստանում է 20 տոկոս, մյուսը ստանում է 10 տոկոս ձայն, իսկ մնացածները 2-3 տոկոս, ուրեմն ո՞վ է հաղթել այդ ընտրություններում: «Տեսականորեն կարելի է ասել, թե 70 տոկոսը ձայն չի տրվել առաջին կուսակցությանը: Բայց դրանք այնքան փոշիացված ուժեր են, որ նրանց մեկ միասնական քաղաքական ուժ դիտարկել չի կարելի: Ընտրական շեմերը սահմանված են հենց դրա համար»,- ասաց նա: