կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-14 21:44
Առանց Կատեգորիա

Հայաստանին ստիպում են դուրս գալ ՀԱՊԿ-ից

Հայաստանին ստիպում են դուրս գալ ՀԱՊԿ-ից

Երևանում ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ ի սկզբանե բավականին ուշագրավ ինտրիգներ պարունակող նստաշրջանը: Եվ դատելով նստաշրջանի ընթացքում ստորագրված փաստաթղթերից, արված հայտարարություններից` այն գոնե Հայաստանի համար ամփոփվել է աննպաստ, եթե չասենք խայտառակ արդյունքներով:

Նախ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանին փոխանցելու որոշում կրկին չի կայացվել:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նստաշրջանի արդյունքները ներկայացնելիս նշեց, որ այդ հարցը կքննարկվի տարեվերջին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ընթացքում: Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի փոխանցումը հետաձգվում է արդեն երկրորդ անգամ, ինչը նշանակում է՝ անդամ երկրները պարզապես սաբոտաժի են ենթարկում այդ գործընթացը: Խնդիրն այն է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, տեղի է ունենում բացառապես կոնսենսուսի հիման վրա: Եթե նկատի ունենանք, որ նախորդ տարվա դեկտեմբերին արդեն իսկ մեկ տարով հետաձգվել էր այդ որոշման կայացումը, ապա ստացվում է, որ ՀԱՊԿ նախագահները երկրորդ անգամ են մերժում Հայաստանի առաջադրած թեկնածուներին: Տվյալ դեպքում էական չէ, թե ովքեր են եղել այդ  թեկնածուները, որոնց ինքնությունը Երևանն այդպես էլ չբացահայտեց թե անցյալ տարի և թե այս տարի՝ հավանաբար հենց այսպիսի ելքը կանխատեսելու պատճառով: Էականն այն է, որ եթե կարելի էր առաջին  անգամ տապալումը բացատրել առաջադրված թեկնածուի անձի հարցում նախագահների ունեցած առարկություններով, երկրորդ անգամ նույն իրավիճակի կրկնությունն արդեն սկզբունքային վերաբերմունք է ընդհանրապես այդ պաշտոնը Հայաստանին փոխանցելու նպատակահարմարությանը և Հայաստանի հանդեպ առհասարակ: Շարունակ  վիժեցնելով հարցի հանգուցալուծումը, Հայաստանին անուղղակիորեն հասկացնում են, որ կազմակերպությունում նրա ներկայությունն իրենց համար անցանկալի է:

Թե որոնք են սաբոտաժը կազմակերպող երկրները, դժվար չէ կռահելը: Ուշագրավ է նախ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ «հիվանդության» պատճառաբանությամբ Երևան չժամանելը: Բացի դրանից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպես էլ նստաշրջանից հետո Սերժ Սարգսյանի հետ չներկայացավ լրագրողների հետ հանդիպմանը՝ չնայած որպես ՀԱՊԿ նախագահությունն ընդունող երկրի ղեկավար` նրա մասնակցությունը արարողակարգով նախատեսված էր: Չի կարելի բացառել, որ հենց այս կնճռոտ հարցից խուսափելու  համար նաև այդ ճեպազրույցը սահմանափակվեց միայն ամփոփիչ հայտարարության ընթերցմամբ և հարցուպատասխան տեղի չունեցավ:

Ամփոփիչ այդ հայտարարության բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ  նախագահները չեն ստորագրել նաև որևէ գրավոր հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կապակցությամբ, չնայած դեռ առավոտյան ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստից հետո շեշտվում էր, որ նման համատեղ հայտարարության ընդունում նախատեսվում է: Արդեն կեսօրին հրապարակվեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե նախագահների գագաթաժողովին ԼՂ հարցով որևէ փաստաթղթի ընդունում նախատեսված չէ: Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում ընդամենը նշեց, որ անդամ երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին և ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Սակայն նման ընդհանրական, գրեթե ոչինչ չասող հայտարարությունն ավելի շատ շեշտում էր ԼՂ հարցով գրավոր որևէ փաստաթղթի ստորագրումից անդամ երկրների հրաժարվելու փաստը: Եվ այս իմաստով ևս, ըստ էության, չի փոխվել ԼՂ հիմնախնդրի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ընդգծված հակադաշնակցային դիրքորոշումը: Փաստորեն, Երևանը չկարողացավ նախագահության մեկամյա շրջանը ծառայեցնել կազմակերպությունում անգամ մի փոքր թե իր և թե ԼՂ հարցի շուրջ մոտեցումները փոխելու նպատակին:

Դատելով թե գլխավոր քարտուղարի պաշտոնի փոխանցման և թե ԼՂ հարցում ՀԱՊԿ երկրների նախագահների այս անփոփոխ ուղեգծից՝ խնդիր է դրված` ստիպել Հայաստանին, սեփական արժանապատվությունը հարգելով, դուրս գալ կազմակերպությունից, քանի որ նրա հետ անդամ երկրների մեծամասնության շահերը որևէ կետում չեն հատվում: Կամ էլ փորձ է արվում Հայաստանին կազմակերպության ներսում վերջնականապես վերածել «իզգոյ»-ի:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն այդ կազմակերպությունում չունենալով իր իրավունքներից օգտվելու և պետական շահերը պաշտպանելու հնարավորություն` վերածվում է բառի բուն իմաստով ՀԱՊԿ-ի գերու: Երևանյան նստաշրջանի հիմնական արդյունքներից մեկը, որի վրա շեշտադրում կատարեց նաև նախագահ Սարգսյանը, համարվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության 2017-25թթ. ռազմավարության ընդունումը, որով սահմանվում են ՀԱՊԿ-ի և անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները, դրանց չեզոքացմանն ուղղված կազմակերպության մոտեցումները: Այդ փաստաթղթում, որպես սպառնալիք ի թիվս այլ գործոնների, շեշտվում է նաև «ուժերի հավասարակշռության խախտմանն ուղղված գործունեությունը՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի տարածումը, գլոբալ հարվածի կոնցեպցիայի ընդլայնումը»: Ակնհայտ է, որ չնայած ռազմավարության մեջ կոնկրետ չի նշվում, թե որ սուբյեկտներից են գալիս այդ սպառնալիքները, խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին և շեշտվել է Ռուսաստանի պնդմամբ: Այն, որ այդ սուբյեկտներն անվանապես, հասցեական կարծես թե չեն շեշտվում (դա պարզ կդառնա ռազմավարության հրապարակումից հետո), թերևս անդամ մյուս երկրների, հիմնականում Ղազախստանի և Բելառուսի դիմադրության արդյունքն է, որը որոշակիորեն փրկում է իրադրությունը նաև թե ՆԱՏՕ-ի և թե ԱՄՆ-ի հետ բազմապլան սերտ համագործակցության մեջ գտնվող Հայաստանի համար: Սակայն  բոլոր դեպքերում օղակը սեղմվում է, և ռուս-ամերիկյան ներկայիս առճակատման խորացման պայմաններում Երևան Արևմուտքի համար վերածվում պոտենցիալ թիրախի:

Այսինքն ՀԱՊԿ-ից չստանալով ոչինչ, դրան զոհաբերելով պետական շահեր ու արժանապատվությունը` Հայաստանը դեռ մի բան էլ կանգնում է իր նկատմամբ բավականաչափ լոյալ տրամադրված ուժային հզոր կենտրոններին՝ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին իր դեմ տրամադրելու պարտադրանքի առջև:

Գևորգ Դարբինյան