Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բնակչուհի Լենա Հարությունյանը պնդում է, որ 4 ամիս առաջ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում իր առաջնեկին ծննդաբերելուց հետո, երեխայի կենսաբանական հայրը, ծննդատան բժիշկների գիտությամբ, հիվանդանոցից «առևանգել է» նորածնին: Այսօր կինը լրագրողներին ասաց, որ այդ ամենը կատարվել է իր վստահությունը չարաշահելու եղանակով: Կնոջ խոսքով` ինքը հղիացել է տնային պայմաններում արված արհեստական բեղմնավորման միջոցով: Երեխայի հայրը ԱՄՆ քաղաքացի է, բայց բնակվում է Երևանում՝ կնոջ հետ:
«Հղիության ընթացքում խոստումներ էր տալիս, որ մեզ կտանի ԱՄՆ: Որևէ պայմանավորվածություն չի եղել` երեխային իրեն հանձնելու հետ կապված, մինչդեռ նա հերյուրանքներ է տարածում, որ ես փոխնակ մայր եմ, և որ մենք պայմանավորվել ենք, բայց որևէ պայմանագիր չկա կամ այլ փաստաթուղթ, որը կապացուցի նրա ասածները»,- պատմեց երիտասարդ կինը:
Հարությունյանը վստահ է, որ ծննդատան բժշկուհիներից Կարինե Երիցյանը համագործակցել է երեխայի հոր հետ:
«Կեսարյան հատումով ծննդաբերելուց հետո ինձ մոտ խնդիրներ էին առաջացել, և ես պետք է մնայի հիվանդանոցում: Բժիշկներն ասել էին, որ ինձ մոտ նախաինսուլտային վիճակ է, և ես ի վիճակի չէի ֆիզիկապես շարժվել: Ինձ մյուս ծննդկաններից առանձին էին պահում, իբր որ սթրես չտանեմ: Քանի անգամ ցանակցել եմ երեխային տեսնել, զանգել եմ Կարինե Երիցյանին, սակայն նա հրաժարվել է՝ ասելով` ոչ, քանի որ կարող է սթրես տանեմ: Կան ապացույցներ, որ բժշկուհին համագործակցել է մյուս կողմի հետ: Սկզբում մենք ուրիշ բժշկի մոտ էինք հաշվառված, հետո նա ասաց, որ իր ծանոթ բժշկի մոտ կտանի, ծանոթն էլ Կարինե Երիցյանն էր: Բժիշկների հորդորով ես երեխային տվեցի հորը, որպեսզի նա խնամի: Հետո նա հրաժարվեց տալ երեխային, ես բոլոր մարդկային ձևերով համոզել եմ, չի ստացվել, ստիպած դիմել եմ դատարան: Երբ բժշկին ասացի` իմ երեխային ինձ հանձնեք, բաժնի վարիչն ասաց` երեխային քեզ ենք տվել: Հետագայում քրեական գործով պարզվեց, որ երեխային տվել է ինչ-որ բուժաշխատող»,- պատմեց Հարությունյանը:
Լենա Հարությունյանի ներկայացուցիչ` փաստաբան Տիգրան Մուրադյանը նշեց, որ այս գործն առանձնահատուկ է: «Պետական կառույցներն էլ են խոստովանում, որ առաջին անգամ են նման դեպքի առնչվում, երբ նորածին երեխային վերցնում են, թաքցնում ծնողներից, պետական մարմիններից: Այս գործով թաքցնողի, այսինքն` երեխայի հոր նկատմամբ հայտարարված է հետախուզում, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում: Ունենք 3 դատական ակտ կա, որոնցից մեկով պետք է վերացվեին խոչընդոտները, և մայրը մայրական կաթով կերակրեր երեխային, մյուս ակտով պետք է երեխան հանձնվի մորը»,- ներկայացրեց փաստաբանը:
Մուրադյանը կասկածներ հայտնեց, որ ԴԱՀԿ-ն մյուս կողմի հետ համաձայնության է եկել, որպեսզի հայրը կարողանա թաքցնել երեխային: Հիմա ԴԱՀԿ-ն պատճառաբանում է, որ չգիտեն երեխայի տեղը և արդեն 3 ամիս է` իբր որոնում են երեխային:
«Քննչական մարմնի կողմից բոլորովին պատշաճ քննություն չի իրականացվել: Երեխային, առանց փաստաթղթային ձևակերպման, դուրս են բերել հիվանդանոցից, ինչի համար հիվանդանոցի որևէ բուժաշխատող պատասխանատվություն չի կրել: Երեխան ծնվել է 1 ամիս շուտ, թույլ քաշով, ինչպե՞ս կարելի է նման վիճակում երեխային հանձնել հորը, առանց փաստաթղթերի դուրս հանել»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167 հոդվածով, որը վերաբերում է երեխային առանց հոր, մոր համաձայնության բաժանելուն, այսօր գործնականում չի կիրառվում: «Այս հոդվածը հենց այս դեպքերի համար է, սակայն չի կիրառվում, երևի թե չեն ցանկանում պրակտիկա ստեղծել: Այս գործով ԴԱՀԿ-ն 3 դատական ակտի կատարումը պետք է պարտադիր ապահովի, որևէ մեկն իրավունք չունի ակտերը խեղաթյուրելու կամ չկատարելու: Սակայն ԴԱՀԿ-ն այդ ակտերի կատարումը հանձնել է ալիմենտի բռնագանձման բաժնին, որտեղ չկան մասնագետներ, նրանք ընդհանրապես երեխային առնչվող մասնագիտական կարողություն չունեն»,- ասաց նա:
Փաստաբանը հայտնեց, որ պատկան մարմինների անգործության մասին դիմել են տարբեր կառույցների՝ ՀՔԾ-ին, վարչապետին, արդարադատատության նախարարին, ԴԱՀԿ պետին, սակայն որևէ արձագանք չեն ստացել: