Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ 2016-ի ապրիլին, նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի հետ կապված, կալանավորվել են բժշկուհի Կարինե Անտոնյանն ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը: Նախնական քննության տվյալներով՝ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ:
Yerkir.am-ի տվյալներով` Կարինե Անտոնյանն աշխատում է Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:
Ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծննդկանն ուղեգրով է եկել և ներկայացել այլ անուն-ազգանունով` այն կնոջ անունով, ում վաճառել է երեխային:
«Ծննդկանին հսկել է ուրիշ բժշկուհի, ընդունողը, որը հաշվարկման է կանգնեցրել կնոջը, ուրիշ բժիշկ է, իսկ Կարինե Անտոնյանը ծնունդն է ընդունել: Կնոջ հղիությունը հսկվել է կոնսուլտացիոն բաժանմունքում: Նա ամիսներ շարունակ ներկայացել է այն կնոջ անունով, ում էլ տվել է երեխային»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Կարինե Անտոնյանին, ապա, ըստ Աբրահամյանի, իրենց համար անսպասելի էր, որ նա նման քայլի է դիմել: «Միջին կարգի բժշկուհի է, չգիտեմ էլ` ինչ ասել: Քննչական պրոցեսը կպարզի, բայց չպետք է երեխային տային մեկ ուրիշին` շահի համար, եթե նման բան պետք է անեին, կարելի էր օրինական, փաստաթղթերով անել»,- ասաց նա:
Ի դեպ, մեր տեղեկություններով` Գոհարիկ Խաչատրյանը ժամանակին /15-20 տարի առաջ/ աշխատել է Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, որտեղից էլ գալիս է նրա և Կարինե Անտոնյանի «կապը»: Խաչատրյանին այնուհետև հեռացրել են աշխատանքից, և նա աշխատանքի է անցել «Արամյանց» բժշկական կենտրոնում:
Կենտրոնի տնօրեն Սամվել Հարությունյանը նշեց, որ Խաչատրյանն իրենց մոտ որպես բուժքույր է աշխատում և իր պարտականությունները նորմալ է կատարել այս ընթացքում:
«Մեր մտքով անգամ չէր էլ անցնի, որ նա նման քայլի կգնա: Պետք է ասեմ նաև, որ մեր հիվանդանոցը մանկական կոնտինգենտ չի սպասարկում, ծննդատուն չունենք, նա ընդամենը բուժքույր է, որը դրսում է ինչ-ինչ հարցեր լուծել. դեպքը հիվանդանոցի հետ կապ չունի»,- ասաց Հարությունյանը:
Նշենք նաև, որ բժշկուհին և բուժքույրը կալանավորվել են նորածնի առք ու վաճառքի փաստաթղթերը կեղծելու համար: