Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-10-10 13:32
Քաղաքական

Ընդդիմությունը Գյումրիում երկու տարբերակ ունի

Ընդդիմությունը Գյումրիում երկու տարբերակ ունի

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո`  այսօր, առաջին անգամ տեղի ունեցան Գյումրու և Վանաձորի ավագանիների անդրանիկ նիստերը: Այս ՏԻՄ ընտրությունները տարբերվում էին նախկինում անցկացվածներից` առաջին անգամ իրականացվեցին համամասնական ընտրակարգով:

Գյումրու ավագանու անդրանիկ նիստը բոյկոտել էին ԲՀԿ, ԳԱԼԱ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունները: Փաստորեն, նիստին ներկա էր միայն «Բալասանյան» դաշինքը` իր 17 անդամներով, ովքեր էլ գաղտնի, փակ քվեարկությամբ ընտրեցին քաղաքապետ: Վերընտրվեց Սամվել Բալասանյանը:  Մյուս ուժերը չեն սահմանափակվելու` նիստը բոյկոտելով, արդյունքները բողոքարկելու են դատարանում:

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները տարաձայնությունների առիթ հանդիսացան: Ընդդիմադիր ուժերը համաձայն չեն ԿԸՀ կայացրած որոշմանը` «Բալասանյան» դաշինքը Գյումրու ավագանիում կունենա 17 մանդատ: Նրանք մեջբերում են ԸՕ 141 հոդվածի 4-րդ կետը, որում, մասնավորապես, ասվում է. «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են: Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ»:

Նշված հոդվածի այս կետը հիմք ընդունելով էլ` այս կուսակցությունները գնալու են դատարան:

Սակայն նույն հոդվածի 5-րդ կետը լրիվ այլ բան է ասում. «Մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որն ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև»:

Եթե հիմք ընդունենք ԸՕ 141 հոդվածի 5-րդ կետը, ամեն ինչ ճիշտ է: Դատարանում ԲՀԿ-ն, ՀՎ-ն և ԳԱԼԱ-ն շանսեր չունեն: Դատարանի որոշումը կլինի ոչ ի նպաստ այս ուժերի: Նրանց երկու բան է մնալու` կա'մ բոյկոտել բոլոր նիստերը, կա'մ մասնակից դառնալ քաղաքի կառավարմանը:

 

Ամալյա Առաքելյան